Աշխատաժողով՝ գիտելիքի և տեխնոլոգիաների փոխանցման վերաբերյալ

12.02.2021
Դիտումների քանակ՝ 1032

«Վիշեգրադյան քառյակի փորձի յուրացումը գիտելիքի և տեխնոլոգիաների փոխադրման բնագավառում» նախագծի շրջանակներում մարտի 11-12-ին առցանց ձևաչափով տեղի կունենա Գիտելիքի և տեխնոլոգիաների փոխանցման վերաբերյալ աշխատաժողովը, որի նպատակն է տեղական հետազոտական ինստիտուտների և փոքր ու միջին ձեռնարկությունների (ՓՄՁ) ներկայացուցիչներին փոխանցել հետազոտությունների առևտրայնացման եվրոպական փորձը՝ ուղղված ՓՄՁ կարիքների բավարարմանը և նոր արդյունքների ստեղծմանը: Աշխատաժողովը կազմակերպում է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը՝ «ՔԵՆԴԼ» սինքրոտրոնային հետազոտությունների ինստիտուտի աջակցությամբ:

Աշխատաժողովին կարող են մասնակցել.

  • հետազոտական ինստիտուտների ղեկավար կազմի ներկայացուցիչներ,
  • հետազոտողներ,
  • ակադեմիական կառույցների ներկայացուցիչներ,
  • փոքր և միջին ձեռնարկությունների ներկայացուցիչներ:

Աշխատաժողովի խոսնակները լինելու են փորձագետներ՝ հետևյալ եվրոպական համալսարաններից.

  • Կոշիցեի տեխնիկական համալսարան (Սլովակիա) (https://www.tuke.sk/)
  • Սիլեզիայի տեխնոլոգիական համալսարան (Լեհաստան) (https://www.polsl.pl/)

Աշխատաժողովի արդյունքում`

  • հետազոտական ինստիտուտների ներկայացուցիչները ձեռք կբերեն գիտելիքներ այն մասին, թե ինչպես արդյունավետ կերպով կազմակերպել գիտելիքների/տեխնոլոգիաների առևտրայնացման գործընթացը,
  • իսկ ՓՄՁ ներկայացուցիչները՝ գիտելիքներ այն մասին, թե ինչու և ինչպես համագործակցել հետազոտական ինստիտուտների և ակադեմիական հաստատությունների հետ, ինչը կնպաստի շուկայում առավել մրցունակ դիրք զբաղեցնելուն:

Աշխատաժողովը բաղկացած է լինելու թե՛ տեսական, թե՛ գործնական մասերից: Ելույթները լինելու են անգլերենով, գործելու է միաժամանակյա հայերեն թարգմանություն: Օրակարգը կհրապարակվի շուտով:

Աշխատաժողովին մասնակցությունն անվճար է, անհրաժեշտ է նախապես գրանցվել այստեղ, որից հետո կստանաք մասնակցության հղումը:

Հարցերի դեպքում կարող եք դիմել ՀՊՏՀ միջազգային կապերի բաժին՝ զանգահարելով 010593484 կամ գրելով int.asue@gmail.com էլ.փոստին:

Հիշեցնենք, որ նախագծի նպատակն է գիտական հետազոտությունների առևտրայնացումը և ձեռնարկություն-գիտահետազոտական ենթակառուցվածք համագործակցության մշակույթի խթանումը Հայաստանում և Վրաստանում` հիմնվելով վիշեգրադյան գործընկեր երկրների հաջողված փորձի վրա:

Նախագիծը համաֆինանսավորվում է Չեխիայի, Հունգարիայի, Լեհաստանի և Սլովակիայի կառավարությունների կողմից՝ Վիշեգրադի միջազգային ֆոնդի դրամաշնորհների միջոցով: Ֆոնդի առաքելությունը Կենտրոնական Եվրոպայում կայուն տարածաշրջանային համագործակցության գաղափարների առաջխաղացումն է:

Տեղեկատվությունը՝ ՀՊՏՀ միջազգային կապերի բաժնից: