Անկախության 27-րդ տարեդարձ. ֆլեշմոբ և զրույց-հանդիպում հերոսների հետ

Դիտումների քանակ՝ 1235

Հայաստանի Հանրապետության 27-րդ տարեդարձին ընդառաջ ՀՊՏՀ ուսանողական խորհուրդը նախաձեռնել է տարաբնույթ միջոցառումներ: Իր բովանդակությամբ ու բացառիկությամբ առանձնացավ հայրենյաց պաշտպան-հերոսների հետ հանդիպումը, որը մեծ հանդիսասրահ էր բերել հարյուրավոր ուսանողների: Միջոցառմանը ներկա էին ՀՊՏՀ պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, աշխատակիցներ: Անկախության կերտման գործում գնահատելով արցախյան հերոսների մեծ ավանդը, ուսանողները հրավիրել էին մարդկանց, որոնց անցած ուղին մի պատմություն է՝ հյուսված հայրենասիրությամբ: Տնտեսագիտականում էին արցախյան ազատամարտիկ, լեգենդար հետախույզ Գևորգ Գևորգյանը, պատերազմի միակ կին հրամանատար Անահիտ Մարտիրոսյանը, քառօրյա պատերազմի մասնակից, մեդալակիր Ռազմիկ Գասպարյանը և ավագ հետախույզ-դիպուկահար Յուրիդա Գաբրիելյանը: Սկզբում ցուցադրվեց ՀՊՏՀ առաջին ուսանողական ալիքի պատրաստած կարճամետրաժ ֆիլմը, որը համառոտ պատմում էր հյուրերի մասին: Այնուհետև բեմահարթակը նրանցն էր:
Հերոսների 2 սերունդներ իրենց սրտի խոսքը հղեցին Անկախության տոնի առթիվ՝ յուրովի կարևորելով անկախ պետականությունը, հայրենատեր լինելու գիտակցությունը, անկախության պահպանման գործում երիտասարդության անփոխարինելի դերակատարումը:
Ուսանողների համար առանձնակի ոգեշնչող էր Անահիտ Մարտիրոսյանի խարիզմատիկ կերպարը, անվերապահ սերը հայրենիքի ու հավատը պայծառ գալիքի հանդեպ:
«Պատերազմը երբեք չի ավարտվում, կին, թե տղամարդ՝ բոլորս պետք է զինվոր լինենք»,-կոչ-հորդորով հերոսուհին դիմեց ՀՊՏՀ-ականներին:
Հյուրերը ներկայացրին ուշագրավ դրվագներ պատերազմից, առաջնագծից, պատմեցին խիզախ հայորդիների սխրանքների մասին:
Գևորգ Գևորգյանն իր խոսքում ընդգծեց, որ մեր պետականությունը խարսխված է երիտասարդության վրա, ուստի նրանք, իրենց լավ սովորելով, հայրենասեր լինելով կարող են ամրապնդել մեր պետականությունը, պահպանել այն, ինչ ժառանգել են:
Ուշագրավ էր երիտասարդ հերոսներ Ռազմիկ Գասպարյանի և Յուրիդա Գաբրիելյանի զրույցը ուսանողների հետ: Նրանք անկախության սերունդն են, որը արիաբար տեր է կանգնել իր հողին ու պետությանը, ցույց տվել, որ անպարտելի հայի զավակն է, նրա ամրակուռ կամքի կրողը:
Հանդիպման երկրորդ հատվածը հարցուպատասխան էր, ուսանողները հարցեր ունեին հյուրերից յուրաքանչյուրին, ցանկանում էին լսել նրանց խորհուրդները:
Նշենք, որ Անկախության տոնին նվիրված միջոցառումների շրջանակում այսօր երկար դասամիջոցին համալսարանի բակում ուսանողները հանդես եկան ազգային երգ ու պարով: Իսկ այսօր երեկոյան՝ 20:00-ին Եռաբլուր փառքի պանթեոն տանող ճանապարհի կամարաձև մուտքի մոտ կմեկնարկի ավանդական դարձած մոմերով քայլերթը: Ուսանողները Եռաբլուրում կդիմավորեն օրամուտը և հարգանքի տուրք կմատուցեն անկախության նվիրյալների հիշատակին: Քայլերթին միանալ կարող են բոլոր ցանկացողները:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին