Տրանսֆորմացիաները հանրային կապերի ոլորտում. դասախոսեց հրավիրյալ մասնագետը

Դիտումների քանակ՝ 1156

«PR և մեդիաէկոնոմիկա» դասընթացի շրջանակում այսօր մարքեթինգային հաղորդակցություններ մասնագիտացման մագիստրատուրայի 2-րդ կուրսում հյուր էր հայաստանյան առաջատար հեռահաղորդակցության օպերատորներից մեկի «Ռոստելեկոմ» ընկերության արտաքին կոմունիկացիաների և մեդիագործունեության բաժնի ղեկավար Սիրանուշ Գյուրջինյանը:
Այսպիսով, առարկայի դասախոս մարքեթինգի ամբիոնի դոցենտ, տ.գ.թ. Լիլիթ Դադայանի նախաձեռնությունը՝ հրավիրելու տարբեր կազմակերպությունների հանրային և տեղեկատվական բաժինների ներկայացուցիչներին, արդյունավետ ու հետաքրքրական ընթացք ստացավ նաև այսօրվա հանդիպմամբ:
«PR տրանսֆորմացիա» թեմայով դասախոսությանը Սիրանուշ Գյուրջինյանը կանգ առավ այն տրանսֆորմացիաների վրա, որոնք գործնականում տեղի են ունենում հեռահաղորդակցության և հանրային կապերի ոլորտում, մասնավորապես՝ թե ինչ PR գործիքակազմով և ինչ գործընթացներ են տեսանելի մինչ hեղափոխությունը և հեղափոխությունից հետո:
Առանձին օրինակներով մեդիագործունեության և հանրային կապերի ապագա մասնագետներին բանախոսը հավաստիացրեց, որ հանրությանն ուղղված գրագետ հաղորդագրությունը կախված է մասնագիտական կարողություններից, մտահորիզոնից, ինչպես նաև մարքեթինգային հոտառությունից: Անդրադառնալով պետական կառույցների մեդիագործունեությանը՝ բանախոսը նշեց, որ շատ արդիական է տեղեկատվական խզվածքները որսալը և դրանք փաստարկված և հավաստի տեղեկատվությամբ լցնելը և՛ ի շահ կազմակերպության, և՛ ի շահ օգտատիրոջ: Խոսվեց սոցիալական ցանցերում մարքեթինգի առավել արդիական ու պահանջված գործիքների կիրառման, հեռուստատեսության (որը մուտք է գործում առցանց դաշտ), տեղեկատվական տեխնոլոգիաների տրանսֆորմացիաների մասին, որոնք տեղի են ունենում հարափոփոխ ու զարգացող այս ոլորտում:
Լսարանի հետ բանախոսը աշխույժ երկխոսություն ծավալեց հարցուպատասխանի, անկաշկանդ զրույցի միջոցով, տեղեկացավ առանձին ուսանողների հետաքրքրություններին, մտածելակերպին:
Ի դեպ, Սիրանուշ Գյուրջինյանը մեր համալսարանի կառավարման ֆակուլտետի շրջանավարտ է:
Հիշեցնենք՝ «PR և մեդիաէկոնոմիկա» դասընթացի շրջանակում առաջին հանդիպմանը օրեր առաջ մասնակցեցին ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ, «Տնտեսագետ» ամսագրի գլխավոր խմբագիր Գոհար Գևորգյանը, լրագրող Նանե Ավանեսյանը և լուսանկարիչ Ռազմիկ Խաչատրյանը:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին