ՀՊՏՀ ՈՒԳԸ 42-րդ նստաշրջանն ամփոփվեց

13.05.2024
Դիտումների քանակ՝ 552

Մայիսի 10-ին, հանդիսավոր միջոցառման շրջանակում, ՀՊՏՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Գրիգորյանը հանձնեց «ՀՀ տնտեսության զարգացման արդի հնարավորությունները» խորագրով ՈՒԳԸ 42-րդ նստաշրջանի եզրափակիչ փուլ անցած մասնակիցների հավաստագրերը։ Միջոցառմանը ներկա էին գիտության գծով պրոռեկտոր Թաթուլ Մկրտչյանը, «Ամբերդ» հետազոտական կենտրոնի տնօրեն Դավիթ Հախվերդյանը, ուսանողների հետ տարվող աշխատանքների գծով ռեկտորի խորհրդական Լիլիթ Դադայանը, ՈւԳԸ ֆակուլտետային պատասխանատուները։

Իր խոսքն ուղղելով մասնակիցներին՝ Արմեն Գրիգորյանն անդրադարձավ հետազոտական աշխատանքի կարևորությանը ուսանողի աճի, մասնագիտական կայացման, պետությանն ու հասարակությանը ծառայելու գործում՝ ընդգծելով, որ այն սկսվում է անհայտը բացահայտելու ցանկությունից և ուղենշում է մի ճանապարհ, որն անհատի կատարելագործման համար ամենաառողջն ու ամենաճշմարիտն է։

«Ոչ միայն ինձ, այլ նաև մեր համալսարանի համար հաղթող եք բոլորդ, ովքեր ցանկացել են ինքնադրսևորվել։ Եվ ես հորդորում եմ բոլորիդ պահպանել ձեր մեջ այս ցանկությունը, քանի որ դա է լինելու ձեր առաջընթացի գրավականը մեր հասարակության մեջ»,-ասաց բուհի ղեկավարը։

Երկօրյա եզրափակիչ փուլն ընթացել էր ապրիլի 25-ին և 26-ին։ 23 մասնակիցները (բակալավրիատի ուսանողներ և մագիստրանտներ) հանդես էին եկել տնտեսական մի շարք հիմնախնդիրների վերլուծություններով, արժեքավոր դիտարկումներով, եզրահանգումներով և առաջարկություններով: Զեկուցումների թեմատիկ բազմազանությունն ընդգրկում էր արտաքին առևտրին, հարկային արտոնություններին, աղքատությանն ու զբաղվածությանը, գնաճին, հիպոթեքային շուկային, զբոսաշրջությանն ու արհեստական բանականությանը և այլ հիմնախնդիրների նվիրված հետազոտություններ։

Սկսնակ հետազոտողները հնարավորություն էին ստացել ներկայացնելու իրենց կատարած աշխատանքի արդյունքը, լսելու խրախուսական խոսքեր, դիտողություններ, ծանոթանալու գիտության մեջ առաջին քայլերը կատարող իրենց դասընկերների զեկուցումները։ Նրանց աշխատանքը նստաշրջանի ողջ ընթացքում համակարգել էին ՈւԳԸ ֆակուլտետային պատասխանատուներ Գայանե Ավագյանը, Անուշ Շիրինյանը, Մարիա Սահակյանը, Նարինե Միրզոյանը, Լուսինե Ղազարյանը, Գագիկ Բադադյանը։

Այսպիսով՝ ՈՒԳԸ 42-րդ նստաշրջանի արդյունքներով բակալավրիատի ուսանողների շարքում զեկուցումների լավագույն եռյակը գլխավորում է Արմիդա Քեռյանը («ՀՀ տնտեսության իրական և ֆինանսական հատվածների խզման գնահատումը»), հաջորդաբար երկրորդ և երրրոդ տեղում են Արման Մկրտչյանը («Շիրակի մարզում աղքատության և գործազրկության նվազեցումը գյուղատնտեսության ճյուղի զարգացմամբ») և Հեղինե Սարգսյանը («Խաղաղության խաչմերուկի տնտեսական օգուտներն ու ռիսկերը»)։ Մագիստրանտների լավագույն եռյակը գլխավորում է Սիլվի Ստեփանյանը («ՀՀ տնտեսության կառուցվածքային դեֆորմացիաները»), հաջորդաբար երկրորդ և երրրոդ տեղում են Հայկ Թենեքեջյանը («ՀՀ առևտրային բանկերի վճարունակության վերլուծության հիմնախնդիրները») և Հասմիկ Ղամբարյանը («Գործարար միջավայրի կարգավորման առկա խնդիրները և զարգացման հեռանկարները ՀՀ-ում»)։

Առաջինից երրորդ տեղը գրաված մասնակիցներն արժանացան համապատասխանաբար 150 000, 100 000 և 50 000-ական ՀՀ դրամ պարգևների։

Բոլոր մասնակիցներին մաղթում ենք նորանոր գիտական-ստեղծագործական ձեռքբերումներ։

Ինչպես այսօրվա, այնպես էլ ՈՒԳԸ երկօրյա նստաշրջանի լուսանկարները՝ ՀՊՏՀ ֆեյսբուքյան պաշտոնական էջում