ՀՈՒՄՖ – 30․ ընտրվեց ֆեդերացիայի նոր ղեկավար կազմ, հանձնվեցին պարգևներ

07.10.2024
Դիտումների քանակ՝ 453

Հոկտեմբերի 4-ին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում կայացավ ՀՀ ուսանողական մարզական ֆեդերացիայի 30-ամյակին նվիրված ընդհանուր ժողով և ղեկավար կազմի ընտրություն։ Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, Եվրոպայի համալսարանական սպորտի ասոցիացիայի նախագահ Ադամ Ռոշեկը և գլխավոր քարտուղար Մատյաշ Պեչովնիկը, ՀՀ բուհերի, մարզական ֆեդերացիաների և համալսարանական սպորտի եվրոպական ասոցիացիայի ղեկավար կազմի ներկայացուցիչներ:

Ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՊՏՀ ռեկտոր Արմեն Գրիգորյանը։ Նա շնորհավորեց ֆեդերացիայի հոբելյանական տարեդարձը, արժևորեց ուսանողական սպորտի զարգացման գործում կառույցի կատարած աշխատանքը, մաղթեց, որ այն շարունակաբար ուղղված լինի սպորտի զարգացմանն ու տարածմանը, առողջ ապրելակերպի քարոզին, մարդկանց մոտիվացնելուն։

«Մարդու կենսագործունեության համար ֆիզիկական առողջությունը ամենահաստատուն հենարանն է, քանի որ առողջ մարմնում է ապրում առողջ հոգի և առողջ միտք»,- ասաց Արմեն Գրիգորյանը։

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը բարձր գնահատեց ՀՈՒՄՖ գործունեությունը և հատկապես ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Գաբրիելյանի խանդավառ աշխատանքը, որի շնորհիվ նոր մոտեցում է ձևավորվում ուսանողական սպորտի նկատմամբ։

«Ուսանողական սպորտն աշխարհում մեծ տեղ ունի, և հատկապես այնպիսի երկրի համար, ինչպիսին Հայաստանն է, այն լավ ազդակ է ներկայանալու, մասնակցելու մարզական ստուգատեսների, արձանագրելու հաջողություններ»,- ասաց Կարեն Գիլոյանը՝ հավելելով, որ առաջիկայում ֆեդերացիային նոր միջոցներ կտրամադրվեն, և Հայաստանի մասնակցությունը միջազգային ուսանողական սպորտում ավելի մեծ ընդգրկում կստանա։ Այդ համատեքստում նախարարի տեղակալն անդրադարձավ 2025 թվականի սեպտեմբերին Երևանում կայանալիք շախմատի Եվրոպայի համալսարանական առաջնությանը։

Եվրոպայի համալսարանական սպորտի ասոցիացիայի նախագահ Ադամ Ռոշեկը, ընդգծելով, որ ուսանողական սպորտը կրթական գործընթացի անբաժանելի մասն է, անդրադարձավ ՀՈՒՄՖ աշխատանքին և այն բարձր գնահատեց։ Նա հավաստիացրեց, որ Հայաստանն իր կարևոր տեղն ունի եվրոպական մարզական մեծ ընտանիքում։

«Համալսարանական սպորտը Հայաստանում 2020-2024 թթ.» խորագրով հաշվետվություն ներկայացրեց Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի նախագահ, ՀՊՏՀ ֆիզդաստիարակության, արտակարգ իրավիճակների և քաղպաշտպանության ամբիոնի վարիչ Հովհաննես Գաբրիելյանը։ Իր ելույթում նա անդրադարձավ ֆեդերացիայի հնգամյա գործունեությանը, ձեռքբերումներին, հայաստանյան և միջազգային հարթակներում մարզիկ ուսանողների հաջողություններին, ապագայի ծրագրերին և հանդես եկավ առաջարկություններով։

Ժողովին ներկա էին 25 կազմակերպության 35 պատվիրակներ, որոնք էլ հաջորդիվ Հովհաննես Գաբրիելյանին ընտրեցին նախագահի, իսկ Մեսրոպ Ղուկասյանին՝ գլխավոր քարտուղարի պաշտոնում, ընտրվեց նաև ֆեդերացիայի ղեկավար կազմը։

ՀԱՕԿ փոխնախագահ Արմեն Գրիգորյանը շնորհավորեց Հովհաննես Գաբրիելյանին և շնորհակալագիր հանձնեց Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի անունից։

Տեղի ունեցավ պարգևատրման հանդիսավոր արարողություն, որի ընթացքում ֆեդերացիան պատվոգրեր, շնորհակալագրեր, պարգևներ, նվերներ հանձնեց ավագ գործընկերներին, հյուրերին, ֆեդերացիաներին, կազմակերպություններին և բուհերին։

Միջոցառման մյուս լուսանկարները՝ ՀՊՏՀ ֆեյսբուքյան պաշտոնական էջում