Հավաստագրեր հանձնվեցին ՀՊՏՀ վերապատրաստված աշխատակիցներին

02.10.2024
Դիտումների քանակ՝ 573

ՀՊՏՀ ակադեմիական և վարչական կազմերի 56 աշխատակիցներ, որոնք մասնակցել են դասավանդման մեթոդաբանության, անգլերենի, MS Excel-ի, իսկ հասարակագիտության ամբիոնի դասախոսական կազմը՝ փիլիսոփայության, քաղաքագիտության և իրավագիտության գծով վերապատրաստումների, այսօր ստացան հավաստագրեր։

Նրանց ողջունեց ՀՊՏՀ ռեկտոր Արմեն Գրիգորյանը՝ ընդգծելով ՀՊՏՀ աշխատակիցների՝ շարունակաբար վերապատրաստվելու, նոր գիտելիք և հմտություններ ձեռք բերելու ցանկությունը։ «Երբ մարդը որոշում է, որ ինքն այլևս չի ցանկանում նոր գիտելիք կամ հմտություն ձեռք բերել, այդ պահից սկսվում է նրա հետընթացը։ Շարունակական կրթությունը առաջ տանող շարժիչն է, և անչափ ոգևորիչ է, որ մեր գործընկերները դա կարևորում են և ուրախությամբ մասնակցում»,- ասաց բուհի ղեկավարը։ Նա շնորհակալություն հայտնեց արտաքին կապերի դեպարտամենտի շարունակական կրթության բաժնին՝ նշելով, որ նրանց հետևողական ջանքերի շնորհիվ ՀՊՏՀ-ն դարձել է աշխատակիցների վերապատրաստումներին ամենաշատ միջոցներ տրամադրող բուհը։ «Մենք կարևորում ենք այդ ներդրումը, բայց միաժամանակ գործընթացի բարելավման համար անհրաժեշտ են բաց քննարկումներ ու ձեր հետադարձ կարծիքը»,- ասաց Արմեն Գրիգորյանը՝ գործընկերներին հրավիրելով քննարկման։

Մասնակիցները գոհունակության խոսքեր ասացին դասընթացների և վերապատրաստողների մասին, նշեցին, որ նոր գիտելիք են ձեռք բերել մասնավորապես արհեստական բանականության գործիքակազմի վերաբերյալ, ծանոթացել են դասավանդման նոր մեթոդներին, իսկ նորաոճ և արդիական լսարաններն այդ նոր մեթոդների կիրառման լայն հնարավորություններ են ընձեռում։

Ամփոփելով՝ բուհի ղեկավարը շնորհակալություն հայտնեց ՀՊՏՀ աշխատակիցներին, արժևորեց նրանց կատարած բարդ ու կարևոր աշխատանքը և վերապատրաստողներին հանձնեց շնորհակալագրեր։

Այնուհետև մասնակիցներին հանձնվեցին հավաստագրեր, իսկ շարունակական կրթության բաժնի պետ Գրիշա Ամիրխանյանը տեղեկացրեց, որ բուհում վերապատրաստումները կշարունակվեն, ինչի մասին աշխատակիցները կծանուցվեն առաջիկայում։

Մյուս լուսանկարները՝ ՀՊՏՀ ֆեյսբուքյան պաշտոնական էջում