ՀՊՏՀ գիտական գրադարանը՝ «Լավագույն գրադարան» մրցույթի հաղթող

08.10.2024
Դիտումների քանակ՝ 454

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի գիտական գրադարանը հաղթող է ճանաչվել «Լավագույն մասնագիտական (բուհական) գրադարան» անվանակարգում։

Հոկտեմբերի 7-ին՝ Գրադարանավարի օրը,  կայացել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից հայտարարված «Լավագույն գրադարան» խորագրով մրցույթի ամփոփումն ու մրցանակների հանձնման արարողությունը: Միջոցառմանը ներկա էին ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, մրցույթի մասնակիցներ և հյուրեր։

Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ԿԳՄՍՆ պաշտոնական կայքից, նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է ներկաներին մասնագիտական տոնի կապակցությամբ՝ կարևորելով վերջիններիս գործունեությունը հանրության շրջանում ընթերցանությունը խթանելու առումով: «Գրադարանները մեր կյանքի անբաժանելի մասն են. անկախ տեխնոլոգիական զարգացումներից՝ գիրքն այլընտրանք չունի: Կարող են փոխվել ձևաչափերը, ընթերցանության միջավայրերը, բայց ընթերցանությունը շարունակում է մնալ այն հիմնարար գործիքը, որով հնարավոր է խթանել միտքը և ստեղծարարությունը,- ասել է նախարարը և գնահատելով գրադարանավարի աշխատանքը՝ հավելել,- գրադարանավարի՝ մեկ բառով արտահայտած վերաբերմունքը և մոտեցումը գրքին ընթերցողի համար կարող են դռներ բացել դեպի գրքերի աշխարհ կամ հավերժ փակել: Երեխաների զարգացման գործում ձեր ներդրումը շատ մեծ է, և մենք էլ պետք է հնարավորություն ունենանք դա տեսնել և չափելի դարձնել»:

Մրցութային անվանակարգերն էին «Լավագույն համայնքային գրադարան», «Լավագույն մարզային գրադարան», «Լավագույն նորարար գրադարան», «Լավագույն գիտակրթական գրադարան», «Լավագույն մասնագիտական գրադարան», «Հատուկ մրցանակ»: Մրցույթը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ հայտարարել է «Հայկական գրադարանային ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը, մասնակցել են  70 պետական, համայնքային և այլ կազմակերպությունների գրադարաններ: