«Մարքեթինգային սիրո», ինտերնետի հնարավորությունների և հաճախորդների հետ աշխատանքի մասին. մարքեթինգի և գովազդի գիտակ Արտակ Հարությունյանը՝ ՀՊՏՀ-ում

Դիտումների քանակ՝ 1835

Ինտերնետի անսահման հնարավորությունների և տեղեկատվական տեխնոլոգիաների մեր դարաշրջանում ինչպե՞ս անել, որ հաճախորդը «սիրի» ընկերության ծառայությունը կամ ապրանքը և գնա այդ գաղափարի հետևից, ի՞նչ քայլեր են պետք, մատուցման և տեխնիկական ինչպիսի՞ հնարավորություններ կան և ո՞րն է ինտերնետի տարածքում արդյունքի տանող ճանապարհը: Ահա այս հարցերի շուրջ այսօր ՀՊՏՀ մեծ դահլիճում «Հաճախորդի ուղին ինտերնետում» թեմայով շնորհանդեսով ներկայացավ SMARTOLOGY Digital Business Academy-ի և AMCG Agency-ի հիմնադիր, մարքեթինգի և գովազդի մասնագետ Արտակ Հարությունյանը, ով արդեն մեկ ամիս՝ միացել է ՀՊՏՀ աշխատանքային թիմին:

«Իրականում շատ ոգևորված ու հուզված եմ, որովհետև առաջին անգամ եմ նման լսարանի առաջ ելույթ ունենում: Նաև ուզում եմ նշել, որ մեծ ոգևորությամբ եմ միացել ՀՊՏՀ թիմին, ինչը շատ պարտավորեցնող է»,- դիմելով դահլիճին՝ ասաց բանախոսը: Իսկ դահլիճում ներկա էին ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար Դիանա Գալոյանը, ղեկավար կազմի, աշխատակազմի և պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ, ուսանողներ:

«Թվերի և պատրաստի լուծումների չսպասեք»,- կեսկատակ ասաց Արտակ Հարությունյանը՝ լսարանին տրամադրելով աշխույժ քննարկման: «Ի՞նչ է մարքեթինգը» դահլիճին դիմեց բանախոսը և հնչած տարբեր մոտեցումներին ավելացրեց իր մոտեցումը. «Իմ կարծիքով, մարքեթինգը երևույթ է, երբ դուք այնպես եք անում, որ ձեր ծառայությունը կամ ապրանքը հաճախորդը սիրի՝ փոխելով իր վարքագիծը այդ ապրանքի նկատմամբ»: Մասնավորեցնելով հաճախորդի ուղին և վարքագիծը ինտերնետում՝ բանախոսն անդրադարձավ ապրանքի վաճառքին սուպերմարկետում, ինտերնետում գնորդի ուղուն, «վաճառքի ձագար» հասկացությանը, հաճախորդների քարտեզի ստեղծման անհրաժեշտությանը, մարդկանց արխետիպերին, համացանցում ծառայությունների և ապրանքների առաջմղման գործիքներին:

Վերջում հորդորներ և խորհուրդներ մասնագետից. «Ինտերնետը լավ գործիք է, բայց պետք է վերաբերվել բծախնդրորեն: Ինտերնետում եղե՛ք ծայրահեղ զգույշ»:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին