ՀՊՏՀ-ում տեղի ունեցավ միջազգային սեմինար՝ նվիրված համալսարանների անձնակազմերի շարժունության խթանման հարցերին

Դիտումների քանակ՝ 1695

ՀՊՏՀ միջազգային ծրագրերի կենտրոնում այսօր վաղ առավոտյան շարունակվեց «Բուհերում աշխատակազմի միջազգային շարժունության խթանումը» խորագրով երկօրյա տարածաշրջանային հանդիպումը (մեկնարկը երեկ էր, Ամերիկյան համալսարանում), որին մասնակցում էին ԵՄ «Էրազմուս+» ծրագրի գործընկեր երկրների համալսարանների, «Էրազմուս+»-ի ազգային գրասենյակների ներկայացուցիչներ՝ Մոլդովայից, Ուկրաինայից, Վրաստանից, «Էրազմուս+»-ի հայաստանյան գրասենյակի ղեկավար Լանա Կառլովան և աշխատակիցները, միջազգային փորձագետներ՝ Բոլոնիայի համալսարանը ներկայացնող Ռոմինա Կնիազը և Ֆրանցեզկա Վալենտը: Միջոցառումը կազմակերպվում է «Էրազմուս+»-ի ազգային թիմի (Հայաստան) բարձրագույն կրթության բարեփոխումների փորձագետների հայաստանյան խմբի տեխնիկական աջակցության առաքելության (Technical Assistance Missions (TAM) to the National Team of Erasmus+ Higher Education Reform Experts (HEREs) in Armenia շրջանակում:

ՀՊՏՀ-ից ներկա էին ռեկտորի պաշտոնակատար Դիանա Գալոյանը, արտաքին կապերի դեպարտամենտի տնօրեն Լուսինե Դանիելյանը, միջազգային կապերի բաժնի պետ Վարդ Ղուկասյանը, աշխատակիցներ, պրոֆեսորադասախոսական կազմի անդամներ:

Հյուրերին ողջունեցին ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար Դիանա Գալոյանը և Լանա Կառլովան: Համալսարանների միջազգայնացման համատեքստում նրանք ընդգծեցին աշխատակիցների միջազգային շարժունության ապահովման կարևորությունը և կոչ արեցին համատեղ քննարկել այս գործընթացում հանդիպող մարտահրավերներն ու խնդիրները:

Մեր համալսարանի շարժունության ծրագրերը համապարփակ ներկայացրեց Վարդ Ղուկասյանը: Հաջորդիվ խնդրո առարկան պարզաբանեցին միջազգային փորձագետները՝ համալսարանների միջազգային ծրագրերի պատասխանատուներին հաղորդակից դարձնելով Բոլոնիայի համալսարանի օրինակելի փորձին: Ի՞նչ անել, որպեսզի բուհերի աշխատակիցները առավել մեծ հետաքրքրություն ցուցաբերեն «Էրազմուս+»-ի նկատմամբ, ներգրավվելով շարժունության մեջ՝ իրենց կրթական, ազգային մշակույթը ներկայացնեն արտերկրում, ծանոթանան արտերկրի լավագույն փորձին ու արդյունքում կարողանան ինչ-որ բան փոխել իրենց համալսարանում. այս և այլ հարցերի պատասխաններն էին որոնում հանդիպման մասնակիցները:

Թեև առանցքում աշխատակիցների միջազգային շարժունության գործընթացին առնչվող հարցեր էին, այնուամենայնիվ ներկաների ուշադրությունից չվրիպեց ուսանողների, ասպիրանտների շարժունությունը. քննարկվեցին կրեդիտների փոխճանաչման, կազմակերպական և տարաբնույթ հարցեր:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին