ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ներկայացուցիչը ՀՊՏՀ-ում բաց դաս է վարել

Դիտումների քանակ՝ 2494

Ուսումնական կիսամյակը մոտենում է ավարտին, ՀՊՏՀ բոլոր ֆակուլտետներում գիտելիքների ամփոփում է, և այս օրերին բաց դասերը, որպես գիտելիքի ամրագրման յուրատեսակ ձև, ավելի հաճախ են անցկացվում: Տնտեսագիտություն մասնագիտացման մագիստրատուրայի 2-րդ կուրսում «Մարդկային կապիտալի ժամանակակից հիմնախնդիրները» առարկայի դասաժամը երեկ վարել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ծառայության կազմակերպությունների և հաճախորդների հետ համագործակցության վարչության պետ, տ.գ.թ. Նոնա Սարգսյանը, որիին հրավիրել է տնտեսագիտության տեսության ամբիոնի վարիչ, տ.գ.դ., դոցենտ Ֆիրուզա Մայիլյանը: Նոնա Սարգսյանը ներկայացրել է ՀՀ սոցիալական քաղաքականության ուղղությունները և գործիքակազմը, քննարկվել են ՀՀ կենսաթոշակային (բաշխողական և կուտակային) համակարգի առանձնահատկությունները:

Ամբիոնի վարիչ Ֆիրուզա Մայիլյանը asue.am հետ զրույցում ասաց, որ համալսարանը հիմնականում ակադեմիական գիտելիք է տալիս, և գործնական ոլորտի աշխատակիցներին հրավիրելը նպատակ ունի տեսականին զուգակցել գործնական գիտելիքը:

Դասը հագեցած է եղել ակտիվ հարցուպատասխանով, բանավեճերով: Ուսանողները նախարարության ներկայացուցչին են հղել գործատու-աշխատակից փոխհարաբերություններին, աշխատանքային գրքույկների թվայնացմանը, կուտակային կենսաթոշակին վերաբերող մի շարք հարցեր:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին