Ավիաուսումնական կենտրոնը դառնում է eDrone ծրագրի ասոցացված գործընկեր. ՀՊՏՀ-ում նախանշվեցին համագործակցության ուղիները

Դիտումների քանակ՝ 2061

Նոր ուսումնական միջավայրի հիմնում, որը միտված է մասնագիտական գործունեության մեջ անօդաչու թռչող սարքերի տեխնոլոգիաների կիրառման կարողությունների զարգացման հնարավորությունների ընդլայնմանը. սա ԵՄ «Էրազմուս+»-ի eDrone ծրագրի նպատակն է:

ՀՊՏՀ-ն արդեն 3 տարի է՝ ծրագրի անդամ է, և դրա շրջանակում կատարվող աշխատանքը (մարքեթինգի ուղղությամբ) պարբերաբար հանրայնացնում է. հերթական հրապարակմանը ծանոթանալուց հետո «Ավիաուսումնական կենտրոն» ՓԲԸ տնօրինությունը դիմել է ՀՊՏՀ-ին՝ ցանկություն հայտնելով միջազգային ծրագրի գործընկերը դառնալու: Այս կապակցությամբ այսօր ՀՊՏՀ-ում էր Ավիաուսումնական կենտրոնի տնօրեն Գեղամ Խաչատրյանը: Հյուրին ընդունեցին ՀՊՏՀ միջազգային կապերի բաժնի պետ Վարդ Ղուկասյանը և մարքեթինգի ամբիոնի վարիչի ժ/պ Վադիմ Գրիգորյանը: Հանդիպման ընթացքում Վարդ Ղուկասյանը ներկայացրեց eDrone-ի առաքելությունը, եվրոպական և հայաստանյան համալսարանների հետ գործակցությունը, ծրագրին անդամակցելու ընթացակարգը, Վադիմ Գրիգորյանն էլ մանրամասնեց ծրագրում ՀՊՏՀ-ի դերակատարմանն առնչվող հարցերը: Գեղամ Խաչատրյանը խոսեց իրենց կենտրոնի՝ ծրագրի նկատմամբ ցուցաբերած հետաքրքրության մասին, ապա նախանշվեցին համագործակցության ուղիները:

Մեզ հետ զրույցում Վարդ Ղուկասյանն ասաց, որ «Ավիաուսումնական կենտրոն» ՓԲԸ-ին ծրագրի ասոցացված գործընկեր դարձնելու առնչությամբ արդեն դիմել են համակարգող Սանիոյի համալսարանին (Իտալիա) և ստացել դրական արձագանք:

eDrone ծրագիրը ՀՊՏՀ-ում համակարգում է արտաքին կապերի դեպարտամենտի միջազգային կապերի բաժինը: Նշենք, որ ՀՊՏՀ-ն ծրագրի շրջանակում մշակում է մարքեթինգի առարկայական ծրագիր, որը նախատեսվում է ներդնել ծրագրի շահառու, հայաստանյան գործընկեր Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում:

eDrone-ի մասին մանրամասներ կարող եք կարդալ ՀՊՏՀ պաշտոնական կայքի Միջազգային ծրագրեր խորագրում:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին