ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը ՀՊՏՀ-ում հանդես եկավ «Մեդիագրագիտության և հաղորդակցման ունակություններ» թեմայով բանախոսությամբ

Դիտումների քանակ՝ 1998

ՀՊՏՀ մեծ դահլիճը այսօր լեփ-լեցուն էր. ՀՊՏՀ ուսանողներն ու աշխատակիցները մեծ հետաքրքրությամբ սպասում էին ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանին, ով հանդես եկավ «Մեդիագրագիտություն և հաղորդակցման ունակություններ» թեմայով բաց դասախոսությամբ:

Հյուրին ներկայացրեց ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար Դիանա Գալոյանը՝ շնորհակալություն հայտնելով Ալեն Սիմոնյանին ՀՊՏՀ-ում հյուրընկալվելու համար, ապա ավելացրեց, որ Տնտեսագիտական համալսարանի ուսանողները մեծ հետաքրքրությամբ են ունկնդրում բաց դասախոսությունները, որոնց շրջանակներում բանախոսներից ստանում են արժեքավոր տեղեկություններ տարբեր ոլորտների մասին: «Այս մոտեցմամբ մենք փորձում ենք լրացնել ոչ ֆորմալ կրթության բացը»,- ասաց բուհի ղեկավարը:

«Աշխարհը լի է ինֆորմացիայով, այն զենք է, և բոլոր նրանք, ովքեր ունեն ինֆորմացիա, և կարողանում են այն ճիշտ ուղղորդել, հայտնվում են շահեկան վիճակում»,- իր դասախոսությունը սկսեց ՀՀ ԱԺ փոխնախագահը: Մեդիագրագիտության և հաղորդակցման նրբությունների մասին խոսելիս նա շեշտեց՝ շատ կարևոր են ինֆորմացիայի աղբյուրները, վերնագրերի և լուսանկարների ճիշտ ընտրությունը, կարճ տեքստերը: «Բոլոր տեքստերը, լուսանկարները և վերնագրերը պետք է ունենան դիմացինի կամքը կոտրելու նպատակ: Ասելիքը պետք է լինի հստակ և ազդեցիկ»,- ասաց Ալեն Սիմոնյանը և տարբեր իրադարձություններին առնչվող դրվագներով ներկայացրեց մեդիամոտեցումներ, որոնք ըստ իրավիճակի՝ ունեցել են որոշակի արդյունավետություն:

Համեմելով իր խոսքը մեդիակոնտենտի պատրաստման և մատուցման տարբեր օրինակներով՝ ՀՀ ԱԺ փոխնախագահն ընդգծեց ևս մեկ կարևոր բան՝ երբեք չի կարելի մոռանալ, որ մարդկանց հույզերը շատ կարևոր են և պետք է յուրաքանչյուր մեդիանյութի պատրաստման հիմքում այս հանգամանքը կարևորել: Կոնկրետ իր համար, ինչպես նշեց բանախոսը, ավելի հոգեհարազատ են հաղորդակցման հետևյալ ձևաչափերը՝ բանավեճերը և հարց ու պատասխանը, որոնք հնարավորություն են ընձեռում լսել մարդկանց և անկեղծ ու ազնիվ ձևով ներկայացնել սեփական մոտեցումները:

Հանդիպումը շնորհակալական խոսքով եզրափակեց ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար Դիանա Գալոյանը՝ հույս հայտնելով, որ նման հանդիպումները կլինեն շարունակական:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին