Մարդկային ռեսուրսների կառավարման առանձնահատկությունների շուրջ քննարկում ՀՊՏՀ-ում. հանդես եկավ կառավարման ամբիոնը

Դիտումների քանակ՝ 2947

Ամբիոնային գիտական սեմինարներում շարունակում են քննարկվել արդիական հարցեր: Այսօր ՀՊՏՀ գիտական հանրույթին ներկայացավ կառավարման ամբիոնը՝ քննարկման ներկայացնելով «Կոմպետենտությունների վրա հիմնված մարդկային ռեսուրսների կառավարման առանձնահատկությունները ՀՀ կազմակերպություններում» թեման:

Ներկա էին գիտության գծով պրոռեկտոր Թաթուլ Մկրտչյանը, «Ամբերդ» հետազոտական կենտրոնի տնօրեն Դավիթ Հախվերդյանը, ավագ փորձագետ Սամվել Ավետիսյանը, կենտրոնի հետազոտողները, պրոֆեսորադասախոսական կազմի անդամներ:

Ողջույնի խոսք ասաց կառավարման ամբիոնի վարիչի ժ/պ Խորեն Մխիթարյանը և խոսքը փոխանցեց զեկուցող, ամբիոնի ասիստենտ, տ.գ.թ. Վարդանուշ Մանուչարյանին:

Բանախոսը մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտում բազմամյա փորձ ունի և նաև գործնականորեն մեկնաբանեց կոմպետենտությունների վրա խարսխված ՄՌԿ-ն հայաստանյան կազմակերպություններում:

Ելույթի ավարտից հետո ունկնդիրները իրենց տեսանկյունից մեկնաբանեցին կոմպետենտություն եզրույթի էությունը և դրա կապը աշխատանքի արդյունավետության հետ:

asue.am հետ զրույցում Խորեն Մխիթարյանն ասաց, որ կառավարման ամբիոնի հետազոտական ուղղությունները շատ են և ներառում են տնտեսության կառավարումից մինչև հանրային կառավարման հարցերը ՀՀ-ում, սակայն այսօրվա սեմինարում ներկայացվեց միայն մեկ՝ կոմպետենտության և ՄՌԿ հարցերին վերաբերող հետազոտություն:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին