«Ամբերդի» փոխտնօրենը մասնակցել է Փենսիլվանիայի համալսարանի հետազոտական սիմպոզիումին

Դիտումների քանակ՝ 2271

ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի փոխտնօրեն-ավագ փորձագետ, քաղաքական գիտությունների դոկտոր Վարդան Աթոյանը ս.թ. օգոստոսի 7-ին հրավիրվել է մասնակցելու Փենսիլվանիայի համալսարանի Ուղեղային կենտրոններ և քաղաքացիական հասարակություն ծրագրի (ԱՄՆ) կողմից կազմակերպված առցանց հետազոտական սիմպոզիումին: Միջոցառման մասին asue.am-ի հետ զրույցում Վ. Աթոյանը նշեց, որ հետազոտական սիմպոզիումը հիմնականում նվիրված էր ուղեղային կենտրոնների ոլորտում արձանագրվող արդի միտումներին և տարբեր երկրներում դրանց զարգացման առանձնահատկություններին:

«Միջոցառման ընթացքում ներկայացվեցին Փենսիլվանիայի համալսարանի պրոֆեսոր, դոկտոր Ջեյմս ՄաքԳանի գլխավորած մագիստրոսական հետազոտական խմբի ուսումնասիրության արդյունքները: Քննարկվեցին նաև վերջին տասնամյակներում ամբողջ աշխարհում և առանձին երկրներում ուղեղային կենտրոնների քանակական փոփոխությունների շարժընթացի, դրա վրա ազդող գործոնների, ինչպես նաև հանրային քաղաքականությունում վերջիններիս դերակատարության, ազդեցության, թվային դարաշրջանում նոր գործիքների կիրառման անհրաժեշտության, ոլորտի վրա COVID-19 համավարակի ազդեցության և ուղեղային կենտրոնների ապագայի հետ կապված տարաբնույթ հարցերը: Առանձին անդրադարձ եղավ անդրազգային հանցավորությանը և դրա դեմ պայքարում կիրառվող ժամանակակից գործիքակազմին: Պետք է նշեմ, որ միջոցառման ձևաչափը բավականին արդյունավետ էր, իսկ ընտրված թեմատիկան՝ չափազանց ակտուալ, ինչի ապացույցն էր նաև մասնակիցների ակտիվությունը և բարձրացվող խնդիրների շուրջ ծավալվող քննարկումները:  Հավելեմ, որ հետազոտական սիմպոզիումին մասնակցում էին աշխարհի բազմաթիվ երկրների առաջատար ուղեղային կենտրոնների ղեկավար կազմի 100-ից ավելի ներկայացուցիչներ և փորձագետներ: Որպես հետազոտական սիմպոզիումի մասնակից՝ իմ կողմից նույնպես բարձրացվեցին թեմային առնչվող որոշակի հարցեր, այդ թվում՝ Հայաստանին առնչվող, և փոխանցվեցին հետագա ուսումնասիրությունների արդյունավետության բարձրացման համար որոշակի առաջարկներ»,- մանրամասնեց Վարդան Աթոյանը:

Նա նաև հիշեցրեց, որ ինքը մասնակցել է նաև Փենսիլվանիայի համալսարանի կողմից վերջին ամիսներին կազմակերպված “Global Think Tank Virtual Town Hall: From Solidarity to Solutions to Save Lives and Livelihoods” խորագրով նախորդ երեք գլոբալ  համաժողովներին: «Օրերս լույս է տեսել այդ համաժողովների մասնակիցների համահեղինակությամբ պատրաստված զեկույցը: Բնականաբար իմ մասնակցության արդյունքում հեղինակային խմբում ներառված է նաև ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնը, ինչը մեր կենտրոնի միջազգային ճանաչվածության և հեղինակության բարձրացման գործում կարելի է շոշափելի հաջողություն համարել»,- ասաց կենտրոնի փոխտնօրենը:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին