«Ամբերդ» հետազոտական կենտրոնում ներկայացվեցին Շիրակի մարզի սոցիալ-տնտեսական զարգացմանն ուղղված հետազոտության արդյունքները

Դիտումների քանակ՝ 2598

ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնում այսօր ներկայացվեցին Շիրակի  մարզի սոցիալ-տնտեսական զարգացման  առաջնային հետազոտության արդյունքները: Մասնակցում էին գիտության գծով պրոռեկտոր Թաթուլ Մկրտչյանը, «Ամբերդի» տնօրեն Դավիթ Հախվերդյանը, փոխտնօրեն-ավագ փորձագետ Վարդան Աթոյանը, ավագ փորձագետ Սամվել Ավետիսյանը, ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի տնօրենի պաշտոնակատար Կարեն Պետրոսյանը, հետազոտողներ:

Հետազոտությունը ղեկավարում է տ.գ.դ., պրոֆեսոր Զոյա Թադևոսյանը: Այսօր 4 զեկուցում հնչեց. Զոյա Թադևոսյանը վերլուծեց Շիրակի մարզի համայնքի ղեկավարներին ուղղված հարցաթերթիկի արդյունքները, որոնք ընդհանուր պատկերացում էին տալիս մարզի համայնքների ներկա վիճակի և զարգացման հեռանկարների մասին: Պրոֆեսորը հանգամանալից կանգ առավ գյուղատնտեսության զարգացմանը և մարդկանց զբաղվածության բարձրացմանը խոչընդոտող հանգամանքների վրա: Դիտարկվեց նաև Շիրակի մարզի համայնքների (Ախուրյան, Անի, Հովտաշեն, Փանիկ և այլ) մշակութային առաջընթացի հնարավորությունը:

Հետազոտության արդյունքները շարունակեցին ներկայացնել միջազգային տնտեսական հարաբերությունների ամբիոնի դոցենտ Թադևոս Ավետիսյանը, ասիստենտ Ալբերտ Հայրապետյանը, մակրոէկոնոմիկայի ամբիոնի դոցենտ Ռուբեն Ղանթարչյանը՝ վեր հանելով մարզի տնտեսական խնդիրները: Անդրադարձ եղավ էկոտուրիզմի ոլորտին, բնապահպանական և այլ հարցերի:

Զեկուցումների ավարտին մասնակիցները հանդես եկան հարցադրումներով ու դիտարկումներով: Հետազոտության մեջ արծարծված գյուղատնտեսական մի շարք հարցեր մեկնաբանեց պրոֆեսոր, գյուղատնտեսության նախկին փոխնախարար Սամվել Ավետիսյանը:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին