ՀՊՏՀ-ում մեկնարկել է հերթական դասընթացը՝ մարդկային ռեսուրսների կառավարման մասնագետների և ոլորտով հետաքրքրված անձանց համար

27.01.2021
Դիտումների քանակ՝ 836

Հունվարի 26-ին մեկնարկել է ՀՊՏՀ շարունակական կրթության և վերապատրաստումների բաժնի կողմից կազմակերպված «Մարդկային ռեսուրսների կառավարման հիմունքներ» առցանց դասընթացը: Կարճաժամկետ վերապատրաստման դասընթացների կազմակերպումը դառնում է ՀՊՏՀ գործունեության հաստատուն բաղադրիչներից մեկը՝ արժանանալով հանրային լավ ընդունելության։ Մեկ տասնյակից ավելի կազմակերպված դասընթացներին արձագանքել են ոչ միայն ՀՊՏՀ աշխատակազմի և ուսանողության ներկայացուցիչներ, այլև ամենատարբեր ոլորտների մասնագետներ։

«Մարդկային ռեսուրսների կառավարման հիմունքներ» դասընթացն առցանց ռեժիմով կազմակերպվող դասընթացների շարքում երրորդն է, որին նախորդել են «Նախագծերի կառավարման հիմունքներ» և «Նախագծի առաջարկի մշակում և ֆոնդահայթայթում. 3 գործիք + 2 մեթոդ» դասընթացները:

Դասընթացը վարում է մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտում բազմամյա փորձ ունեցող, հայաստանյան մի շարք կազմակերպություններում HR խորհրդատվություն իրականացրած մասնագետ, քոուչ, Basic Corporation կազմակերպության մարդկային ռեսուրսների կառավարման և կազմակերպական զարգացման բաժնի ղեկավար Նանե Զեյնալյանը:

«Դասընթացին մասնակցում են տարբեր մասնագիտական ուղղվածություն ունեցող անձինք, այդ թվում ՀՊՏՀ ուսանողներ, ՀՊՏՀ աշխատակից, իրավաբան, ունենք նաև ուսանող-մասնակից Արցախից: Անկախ իրենց մասնագիտացումից, մասնակիցներն ակնկալում են դասընթացից քաղել առավելագույնը և կիրառել ստացած գիտելիքը և հմտությունները ներկա նախագծերում կամ կայանալ որպես մարդկային ռեսուրսների կառավարման մասնագետ»,- asue.am-ի հետ զրույցում ասաց Նանե Զեյնալյանը։

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին