ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանը ընդունեց «Ընտրական համակարգերի միջազգային հիմնադրամ» (IFES) - ի հայաստանյան գրասենյակի տնօրենին

27.01.2021
Դիտումների քանակ՝ 1007

ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանն այսօր ընդունեց «Ընտրական համակարգերի միջազգային հիմնադրամ» (IFES) - ի հայաստանյան գրասենյակի տնօրեն Ժերոմ Լեյրոյին։ Հանդիպմանը ներկա էին ՀՊՏՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Արմեն Գրիգորյանը,  իրավագիտության և քաղաքագիտության ամբիոնի դոցենտ, քաղաքական գիտությունների դոկտոր, «Ամբերդ» հետազոտական կենտրոնի փոխտնօրեն-ավագ փորձագետ Վարդան Աթոյանը, նույն ամբիոնի դոցենտ, պատմական գիտությունների թեկնածու Հակոբ Մանուչարյանը և հյուրեր։

Հիշեցնենք, որ 2020թ․ հունվարի 29-ին ԴաբլԹրի բայ Հիլթոն հյուրանոցում տեղի էր ունեցել Հայաստանում ընտրական գործընթացների և քաղաքական հաշվետվողականության ամրապնդում (ՍԵՊՊԱ) ծրագրի շրջանակներում «Ներգրավված քաղաքացի» կրթական դասընթացի հուշագրի ստորագրման արարողությունը, որին մասնակցել էր ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանը։ Հուշագրով նախատեսվում էր հայաստանյան 5 բուհերում ներդնել «Ներգրավված քաղաքացի»  դասընթացը, որը նպատակ ունի խթանել ժամանակակից Հայաստանում ակտիվ քաղաքացիության, ժողովրդական կառավարման և մարդու իրավունքների մասին պատկերացումները՝ ժամանակակից ինտերակտիվ ուսուցման մեթոդաբանությունների կիրառման միջոցով ապահովելով արդյունավետ ներգրավման համար անհրաժեշտ գիտելիք, հմտություններ և միջոցներ, ինչպես նաև ժողովրդավարական սկզբունքների ամրապնդում: Նշված ծրագրի շրջանակներում  Վարդան Աթոյանը և պատմական գիտությունների թեկնածու Հակոբ Մանուչարյանը մասնակցել էին վերապատրաստման դասընթացի։

Հանդիպմանը քննարկվեցին երկկողմ համագործակցության, դասընթացի ներդրմանն առնչվող հարցեր։ ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանը ներկայացրեց ՀՊՏՀ զարգացման ծրագրերը, դրանց շարքում մատնանշեց կարճ կուրսերի ներդրման ուղղությունը, գիտահետազոտական ծրագրերը, որոնց թվում ընդգծեց Փենսիլվանիայի համալսարանի Աշխարհի ուղեղային կենտրոնների գլոբալ վարկանիշավորման զեկույց 2019-ում (Go To Think Tank Index Report 2019) «Ամբերդ» կենտրոնի վարկանշավորումը, ինչպես նաև անդրադարձավ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) հետ նախատեսվող համագործակցային ծրագրերին։

«Ընտրական համակարգերի միջազգային հիմնադրամ» (IFES) - ի հայաստանյան գրասենյակի տնօրեն Ժերոմ Լեյրոն գոհունակություն հայտնեց ՀՊՏՀ հետ համագործակցության առնչությամբ՝ պատրաստակամություն հայտնելով աջակցել համատեղ ծրագրերի իրականացմանը։

Հանդիպման ավարտին ՀՊՏՀ-ին տրամադրվեցին ծրագրին առնչվող ուսումնական նյութեր, ապա Վարդան Աթոյանին և Հակոբ Մանուչարյանին հանձնվեցին «Ներգրավված քաղաքացի» համալսարանական կուրսի դասընթացի մասնակցության վկայականներ։

Գրասենյակից տեղեկացնում են, որ«Ներգրավված քաղաքացի» համալսարանական դասընթացի նյութերը մշակվել են Ընտրական համակարգերի միջազգային հաստատության «ԱՅ ԷՖ Ի ԵՍ» կողմից` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության «ԱՄՆ ՄԶԳ» օժանդակությամբ՝ Ընտրական գործընթացների և քաղաքական հաշվետվողականության ամրապնդում Հայաստանում (SEPPA) ծրագրի շրջանակներում:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին