«Ֆինանսական բուրգեր և փողերի լվացում» թեմայով ՀՊՏՀ-ում հանդես եկավ ՀՀ ԿԲ վերլուծաբանը

Դիտումների քանակ՝ 2508

ՀՊՏՀ բաց դասերի շրջանակներում այսօր կայացավ հերթական հանդիպումը. ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական դիտարկումների կենտրոնի վերլուծությունների բաժնի վերլուծաբան Զարուհի Ավակիմյանը ՀՊՏՀ-ում հանդես եկավ«Ֆինանսական բուրգեր և փողերի լվացում» թեմայով բանախոսությամբ: Հանդիպմանը ներկա էին գիտության գծով պրոռեկտոր Թաթուլ Մկրտչյանը, ՏԿ և ՄՏՀ ֆակուլտետի դեկան Գրիգոր Նազարյանը, դասախոսներ, աշխատակիցներ, ուսանողներ:

Բաց դասախոսությունը ողջույնի խոսքով բացեց պրոռեկտոր Թաթուլ Մկրտչյանը՝ նշելով, որ Զարուհի Ավակիմյանը կներկայացնի զեկուցում, որն արծարծում է արդիական թեմա ոչ միայն աշխարհի, այլև Հայաստանի համար: Սահմանելով հանդիպման ձևաչափը՝ պրոռեկտորը խոսքը տրամադրեց բանախոսին:

Զարուհի Ավակիմյանը նախ կարճ ներկայացրեց ֆինանսական դիտարկումների կենտրոնի գործունեությունը՝ նշելով, որ այն զբաղվում է ՀՀ-ում փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարով, որի շրջանակներում հավաքագրվում են ֆինանսական և այլ տեղեկություններ, կատարվում են վերլուծություններ և, անհրաժեշտության դեպքում, սահմանված կարգով, ներկայացվում պատկան մարմիններին: Այնուհետև ներկայացրեց «Ֆինանսական բուրգեր և փողերի լվացում» թեմայով զեկուցում՝ ներկայացնելով ֆինանսական բուրգերի ընդհանուր նկարագիրը, դրանց գործունեության բացասական հետևանքները՝ նշելով, որ դրանք հիմնականում ուղղված են լինում տնտեսության իրական հատվածին, անդրադարձավ ֆինանսական բուրգերի տարատեսակներին (ցանցային մարքեթինգի մոդելով գործող ֆինանսական բուրգեր, մատրիցային սխեմաներ և փոնզի սխեմաներ), ցանցային մարքեթինգին և ֆինանսական բուրգերը ներկայացնող այլ տեղեկությունների:

Հանդիպումը կազմակերպվել էր ՀՊՏՀ ՄՏՀ ամբիոնի կողմից դասավանդվող «Միջազգային տնտեսական հարաբերություններ» առարկայի՝ «Արժութային հարաբերություններ» թեմայի շրջանակներում, ՄՏՀ ամբիոնի ասիստենտ Լուսինե Աղաջանյանի նախաձեռնությամբ:

ՏԿ և ՄՏՀ ֆակուլտետի դեկան, ՄՏՀ ամբիոնի վարիչի պաշտոնակատար Գրիգոր Նազարյանը asue.am-ի հետ զրույցում կարևորեց ՀՊՏՀ կողմից կազմակերպվող բաց դասերը՝ նշելով, որ դրանք հնարավորություն են տալիս ուսանողներին փոխանցել պրակտիկ ոլորտի տեղեկություններ, արծարծել ուսանողներին հուզող արդիական թեմաներ: Իսկ այսօրվա հանդիպումը, Գրիգոր Նազարյանի խոսքով, շատ բովանդակային էր, քանի որ ֆինանսական բուրգերի և փողերի լվացման թեման ուսանողներին ներկայացրեց ոլորտի լավագույն մասնագետներից մեկը:

«Կարծում եմ, հանդիպումն անցավ բավականին հետաքրքիր, զեկուցումը շատ արդիական թեմայի շուրջ էր, ուսանողները մեծ հետաքրքրությամբ լսեցին զեկույցը, ինչի վկայությունը նրանց բազում հարցերն էին՝ ուղղված բանախոսին, ով հնչած հարցերին տվեց պատշաճ պարզաբանումներ: Շնորհակալ ենք ԿԲ-ին և հուսով, որ նման հանդիպումները կլինեն շարունակական»,- մեզ հետ զրույցում նշեց Լուսինե Աղաջանյանը:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին