ՀՊՏՀ-ում ավարտվել է հերթական կարճաժամկետ դասընթացը՝ մասնակիցներին հաղորդելով ծրագրավորման լեզվի մասին գիտելիքներ

Դիտումների քանակ՝ 3761

Բովանդակալից, մատչելի և օգտակար. այսպիսի գնահատականներ են հնչել ՀՊՏՀ կազմակերպած հերթական կարճաժամկետ դասընթացի մասին, որը նվիրված էր R ծրագրավորման լեզվին և որն ավարտվել է փետրվարի 22-ին:

Դասընթացը կազմակերպել է ՀՊՏՀ շարունակական կրթության և վերապատրաստումների բաժինը, վարել  է «Դեյթամոտուս» ընկերության համահիմնադիր, ՀՊՏՀ շրջանավարտ Վահե Մովսիսյանը: Դասընթացին մասնակցել են ՀՊՏՀ դասախոսներ և ուսանողներ, ՀՀ կենտրոնական բանկի, առևտրային բանկերի և այլ կազմակերպությունների աշխատակիցներ ( 17 մասնակից): Դասընթացի ավարտից հետո մասնակիցների շրջանում բաժինն անցկացրել է հարցում և ստացել նրանց բարձր գնահատականը: Մասնակիցները նաև գոհունակություն են հայտնել դասընթացավարներից՝ նյութը պատշաճ որակով և հետաքրքրաշարժ եղանակով մատուցելու համար:

Ինչպես նշում են կազմակերպիչները, R դասընթացը խիստ արդիական է՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ծրագրավորման լեզուների օգտագործումը բարձրացնում է ավելի բարդ տնտեսամաթեմատիկական մոդելներ ստանալու արդյունավետությունը: Տվյալագիտության մեջ համընդհանուր լեզվի համբավ ունեցող ծրագրավորման լեզուն լայնորեն կիրառվում է վիճակագիրների կողմից և անընդհատ ընդգրկում է վիճակագրական տվյալների մշակման նոր ուղղություններ: Դասընթացի ավարտին դասընթացավար, «Դեյթամոտուս» ընկերության համահիմնադիր Վահե Մովսիսյանը պատասխանել է asue.am-ի հարցերին, որը ներկայացնում ենք ստորև:

- Պարոն Մովսիսյան, ինչպե՞ս կամփոփեք դասընթացը, ինչպիսի՞ն են Ձեր տպավորությունները, մասնակիցները քանի՞սն էին, ո՞ր ոլորտներից:

- Դասընթացի մասնակիցները 17-ն էին, որոնցից 6-ը աշխատում էին առևտրային բանկերում, 5-ը ՀՊՏՀ դասախոսներ էին, իսկ մյուսները՝ այլ ոլորտի աշխատակիցներ:

Հաշվի առնելով մասնակիցների ակտիվ ներգրավվածությունը դասընթացին, նրանց կողմից բարձրացված հարցերի շրջանակը՝ դասընթացը կարելի է համարել արդյունավետ:

-Ինչպե՞ս կհիմնավորեք դասընթացի թեմայի արդիականությունը:

-Տվյալագիտությունն այսօր ամբողջ աշխարհում ամենապահանջված մասնագիտություններից է։ Ոլորտում այս պահին գերիշխող դիրքում են երկու ծրագրավորման լեզուներ՝ R և Python: Դասընթացի նպատակն էր տրամադրել R ծրագրավորման լեզվի հիմնարար ներածական գիտելիքներ։ Ունենալով այս գիտելիքները՝ մասնակիցները հետագայում կարող են արդեն մասնագիտանալ իրենց հետաքրքրող ոլորտներում։

սկզբանե հայտարարվեց, որ դասընթացը նախատեսված է սկսնակների համար, ի՞նչ հիմնական գիտելիք հաղորդեց այն:

-Այսօր հնարավոր չէ կատարել տվյալների լուրջ վերլուծություն՝ առանց ծրագրավորման որևէ լեզվի իմացության։ Մյուս կողմից, հնարավոր է սկսել զբաղվել տվյալագիտությամբ՝ առանց հիմնաքարերը սովորելու, սակայն, վաղ թե ուշ, վերադառնալու ենք այբուբենին։ Այսինքն, կարելի է սովորել լեզուն՝ առանց քերականությունը հասկանալու, կարելի է այդպես հաղորդակցվել, բացատրել, սակայն, առանց քերականության, խոսքը տգեղ է, շատ հաճախ շփման մեջ անարդյունավետություն է ստեղծում: Դասընթացի նպատակը հենց լեզվի քերականության ու տրամաբանության ուսուցումն էր։ Տիրապետելով քերականությանը՝ մասնագետն արդեն կարող է ավելի արդյունավետ ու հասկանալի կոդ գրել ու վերլուծություններ կատարել։

-Մասնագիտական ոլորտի ո՞ր ասպեկտում կարող են իրենց գիտելիքը կիրառել դասընթացն ավարտած մասնակիցները, օրինակ, տնտեսագետները:

-Այսօր տվյալագիտությունն օգտագործվում է ամենուր։ Այս գիտելիքները կարող են կիրառվել բանկային, ապահովագրական ոլորտներում, տնտեսագիտական, վիճակագրական վերլուծությունների համար, ինչպես նաև դասապրոցեսում։

Շնորհավորում ենք դասընթացն ավարտածներին, ինչպես նաև կազմակերպիչներին, մաղթում նորանոր ձեռքբերումներ:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին