Զոհվել է ՀՊՏՀ ուսանող Արման Ծատուրյանը
Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի հարձակման հետևանքով սեպտեմբերի 14-ին Սյունիքի պաշտպանական մարտերում հերոսի մահով ընկել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի «Կառավարում» մասնագիտության 2-րդ կուրսի ուսանող Արման Վարտանի Ծատուրյանը։
Արման Ծատուրյանը ծնվել է 2003 թ․ հուլիսի 4-ին։ 2021 թվականին ավարտել է Գալուստ Գյուլբենկյանի անվան հ․ 190 ավագ դպրոցը։ Նույն թվականին ընդունվել է ՀՊՏՀ առկա բակալավրիատ՝ «Կառավարում (ըստ ոլորտի)» մասնագիտությամբ։ 6 ամիս անց զորակոչվել է բանակ, ծառայել Կապանում։
ՀՊՏՀ կառավարման ֆակուլտետի դեկան Մանուկ Մովսիսյանը հիշում է․ «Իր տեսակով առաջամարտիկ էր․ ընկերների հետ հարաբերություններում օգնելու, ձեռք մեկնելու մեջ առաջինն էր։ Գնալու էր առաջ․ նայում եմ նկարին, աչքերին, համոզվում՝ միայն առաջ էր գնալու»։
«Ինձ համար բանակը ամենակարևորն է ներկայիս դրությամբ, որովհետև առանց բանակ չկա պաշտպանություն, իսկ եթե չկա պաշտպանություն, ես չեմ կարող վստահ լինել, որ իմ ընտանիքը խաղաղ կլինի….»․ սա էր Արմանի համոզմունքը։
Տնտեսագիտական համալսարանի անձնակազմը սգում է Արման Ծատուրյանի անդառնալի կորուստը և խոր վշտակցություն հայտնում նրա ծնողներին, հարազատներին ու մտերիմներին։
Ցավով, բայց մեծ հպարտությամբ ներկայացնում ենք օրինակելի զինվորի, քաջարի հրետանավորի մասին պատմող տեսանյութը «Զինուժ» հաղորդաշարի 2022 թվականի ապրիլի 17-ի թողարկումից։
Հ․Գ․ Լուսանկարներից 2-ը՝ համացանցից