Ճանաչի՛ր ինքդ քեզ. կայացել է ՈւԽ 25-ամյակին նվիրված «Արմատ» միջբուհական աշխատաժողովը

Դիտումների քանակ՝ 1712

ՀՊՏՀ ուսանողական խորհրդի հոբելյանական միջոցառումների շրջանակում ՈւԽ և Հայ եկեղեցու համաշխարհային երիտասարդական միավորման (ՀԵՀԵՄ) համատեղ նախաձեռնությամբ մայիսի 11-ին ՀԵՀԵՄ կենտրոնական գրասենյակում տեղի է ունեցել «Արմատ» խորագրով միջբուհական ուսանողական աշխատաժողովը: Մանրամասների շուրջ ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը զրուցել է կազմակերպիչ, ՈւԽ ուսումնագիտական հանձնաժողովի նախագահ Արև Մանուկյանի հետ:

«Պահպանելով ազգայինը» կարգախոսով աշխատաժողովը մեկտեղել է հայաստանյան 6 բուհերի ուսանողների, մասնակցել են ՀՊՏՀ, Երևանի պետական, Հայաստանում ֆրանսիական, Հայկական պետական մանկավարժական, Հայաստանի ազգային ագրարային, Եվրոպական համալսարանների 70 ուսանողներ: Հատկանշական է, որ աշխատաժողովը մեկնարկել է հետաքրքիր ծանոթությամբ. յուրաքանչյուրը ներկայացրել է իր արմատները, բնօրրանը, ընտանիքի պատմությունը, ազգանվան ծագումը: Այնուհետև համալսարանականները ունկնդրել են հայրենասիրական թեմաներով զեկուցումներ: Առաջին հյուրը՝ աստվածաբան, կրոնագետ Վարդան Խաչատրյանն անդրադարձել է հայ ժողովրդի պատմության մեջ եկեղեցու ազգահավաք դերին, ընդգծել կրոնների դերը պետությունների կառավարման գործում: Հաջորդ խոսնակը՝ ագագրագետ, տոնագետ Վանուհի Սիմոնյանը, քննարկման է ներկայացրել օտար տոները նշել-չնշելու հարցը և փորձել պարզել՝ արդյո՞ք երիտասարդությունը տեղյակ է ազգային տոների մասին, ինչո՞ւ են հաճախ տուրք տալիս օտարամոլությանը: Ազգագրագետը ուսանողների ուշադրությանն է ներկայացրել մոռացված ավանդույթներ, ազգային ծիսակարգեր, բացատրել դրանց խորհուրդը: Բանախոսել են նաև Գևորգյան հոգևոր ճեմարանի սաներ Արտակ և Կարեն սարկավագները՝ քրիստոնեական լույսի ներքո մեկնաբանելով «Ճակատագիր թե՞ նախախնամություն» թեման:

Զեկուցումներից հետո հնչած հարցերի շուրջ մասնակիցները տեսակետներ են արտահայտել, բանավիճել: Մասնակիցները ստացել են հավաստագրեր:

«Ըստ էության, սա ազգային թեմատիկայով առաջին միջբուհական ուսանողական աշխատաժողովն էր և պետք է նշել, որ բավականին հագեցած էր տեղեկատվությամբ, այն հորդորեց մասնակիցներին ճանաչել սեփական արմատները, ավանդույթներն ու պատմությունը»,-ամփոփեց Արև Մանուկյանը:

Հավելենք, որ ՈւԽ 25-ամյակի միջոցառումները շարունակվում են: Առջևում մշակութային ու ժամանցային նոր իրադարձություններ են:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին