ՀՊՏՀ շրջանավարտները հարազատ բուհում հանդես են գալիս բաց դասերով. այսօրվա թեման բիզնեսի կառավարման մասին էր

Դիտումների քանակ՝ 2370

Բիզնեսի կառավարման շուրջ բաց դասի շրջանակում նոր խոսք ասելու նպատակով հատուկ հրավերով ՀՊՏՀ են գալիս գործարար ոլորտի փորձառու մասնագետներ և ուսանողներին, բիզնեսով հետաքրքրվածներին տրամադրում անհրաժեշտ տեղեկատվություն ու խորհրդատվություն:

ՀՊՏՀ արտաքին կապերի դեպարտամենտի աշխատաշուկայի և շրջանավարտների հետ աշխատանքի բաժնի կազմակերպած այսօրվա դասին վերստին արծարծվեցին բիզնեսի արդյունավետ կառավարման հարցերը, բանախոսն էր «Ալֆա ֆարմ» ընկերության գլխավոր տնօրեն, ՀՊՏՀ շրջանավարտ Միքայել Մացակյանը: Ներկա էին գիտության գծով պրոռեկտոր Տիգրան Մնացականյանը, արտաքին կապերի դեպարտամենտի տնօրեն Պարույր Ջանգուլյանը, աշխատաշուկայի և շրջանավարտների հետ աշխատանքի բաժնի պետ Լիլիթ Գյուլգյուլյանը, միջազգային կապերի բաժնի պետ Վարդ Ղուկասյանը, դասախոսներ, աշխատակիցներ, ուսանողներ և թեմայով հետաքրքված անձինք:

Քննարկման առանցքում ուշագրավ հարցեր էին, ինչպիսիք են օրինակ՝ բիզնեսի կառավարման նպատակը, շուկայի սահմանման խնդիրները, բիզնես պլանավորումը, գնագոյացման ռազմավարությունը, բիզնեսի զարգացման շրջափուլերը, հաճախորդների հետ աշխատանքը և այլ հարցեր, որոնց գրագետ մոտեցումը, ինչպես ընդգծեց բանախոսը, պայմանավորում է բիզնեսի հաջողությունը: Կարևոր շեշտադրումներից էր գործարարի մտածելակերպի փոփոխությունը, այսինքն՝ յուրաքանչյուր գործարար չպետք է մտածի ձախողելու ուղղությամբ, չպետք է որոնի արդարացումներ և պետք է ուժերը լավագույնս կենտրոնացնի նախաձեռնած գործի կամ գաղափարի իրականացման վրա:

«Ներկայացված խնդիրներին գործարարներն ամեն օր առնչվում են, ուստի կարևոր է, որ ապագա տնտեսագետները, որոնք նպատակ ունեն գործարարությամբ զբաղվելու, դեռ այսօրվանից ծանոթ լինեն լուծումներին»,-լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնին ասաց Միքայել Մացակյանն ու հավելեց, որ ՀՊՏՀ-ի հետ սկիզբ է դրվում համագործակցության: Նա ուրախությամբ նշեց, որ շուտով ՀՊՏՀ-ի հետ կկնքվի համագործակցության հուշագիր, որի շրջանակում լավագույն ուսանողներին ընկերությունն աշխատանք կառաջարկի, կկազմակերպվեն տարբեր ձևաչափի միջոցառումներ:

Աշխատաշուկայի և շրջանավարտների հետ աշխատանքի բաժնի պետ Լիլիթ Գյուլգյուլյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ՀՊՏՀ-ում բաց դասերը պետք է դառնան ավելի թիրախային: Նրա խոսքով, շուտով ուսանողների հետաքրքրությունների բացահայտմանն ուղղված ուսումնասիրություններ կկատարվեն, և ըստ դրանց՝ բաց դասերը հետայսու ավելի թիրախավորված կդառնան և կբավարարեն տարբեր մասնագիտությունների ուսանողների պահանջմունքները:

«Ուշագրավ է, որ ՀՊՏՀ-ի նկատմամբ զգալի մեծացել է մեր բուհի շրջանավարտների հետարքրքությունը, և հաճախ նրանք են հանդես գալիս բաց դասերով ներկայանալու նախաձեռնությամբ: Մենք շատ ենք կարևորում մեր համալսարանի շրջանավարտների հետ տարվող աշխատանքը, ինչի ուղղությամբ մեր ստորաբաժանումը առաջիկայում կակտիվացնի աշխատանքները՝ հնարավորություն ստեղծելով տարբեր տարիների շրջանավարտների համար իրենց ներդրումն ունենալ հարազատ բուհի կայացման գործում»,- ասաց Լիլիթ Գյուլգյուլյանը:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին