Welcome Day՝ ՀՊՏՀ օտարերկրյա ուսանողների համար

15.11.2024
Դիտումների քանակ՝ 255

Նոյեմբերի 14-ին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում (ՀՊՏՀ) կազմակերպվեց Welcome Day՝ օտարերկրյա ուսանողների համար։ Միջոցառումը Գանայից, Կամերունից, Ռուսաստանի Դաշնությունից, Բանգլադեշից, Հայիթիից, Հնդկաստանից ժամանած և ՀՊՏՀ-ն որպես իրենց կրթական հաստատություն ընտրած, ինչպես նաև երկկողմ համագործակցության շրջանակում փոխանակային ծրագրով մեկ կիսամյակ համալսարանում ուսումը շարունակող ուսանողների համար էր։ Միջոցառման նպատակը նրանց աջակցելն էր՝ ինտեգրվելու համալսարանական կյանքին և ստեղծելու ջերմ ուսանողական միջավայր։

Ներկաներին ողջունեց ՀՊՏՀ արտաքին կապերի դեպարտամենտի տնօրեն Լուսինե Դանիելյանը՝ ընդգծելով, որ ՀՊՏՀ-ն միջազգային չափորոշիչներին համապատասխանող որակյալ կրթական ծրագրեր է առաջարկում, որոնք ապահովում է տնտեսագիտական բարձրակարգ կրթություն։ Այնուհետև միջոցառումը շարունակվեց ice-breaking ճանաչողական խաղով։

ՀՊՏՀ միջազգային կապերի բաժնի գլխավոր մասնագետ Անուշ Իսոյանը ներկայացրեց համալսարանի հիմնական գործունեությունը, օտարերկրյա ուսանողների համար ուսումնական գործընթացի կազմակերպման մանրամասները և ՀՊՏՀ-ում սովորելու առավելությունները։ Նա կարևորեց ուսանողների արագ ինտեգրումը նոր միջավայրին և արդյունավետ ուսումնառությունը, ինչի համար ՀՊՏՀ-ում առկա են բոլոր պայմանները, ինչպես նաև ՀՊՏՀ անձնակազմի աջակցությունը։

Հանդիպման եզրափակիչ հատվածում ուսանողների համար կազմակերպվեց ինտերակտիվ խաղ Հայաստանի և ՀՊՏՀ-ի մասին։ Մրցույթի հաղթողներն ստացան ՀՊՏՀ բրենդային նվերներ, ինչը ևս մեկ անգամ խորհրդանշեց համալսարանի ջերմ և համագործակցային մթնոլորտը։

ՀՊՏՀ-ն օտարերկրացի ուսանողների կրթությունը կազմակերպում է անգլերենով՝ առաջարկելով «Կառավարում (ըստ ոլորտի)» բակալավրի և «Գործարար վարչարարություն («Կառավարում»)» մագիստրոսի կրթական ծրագրեր։ Այս ուսումնական տարում ՀՊՏՀ է դիմել 91 օտարերկրացի դիմորդ, որից 85-ը ստացել է ՀՀ ԿԳՄՍՆ հաստատումը։ Նրանցից 46-ը 1-ին կուրսեցիներ են, արդեն իսկ հրամանագրվել են և հոկտեմբերի 14-ից մասնակցում են ուսումնական գործընթացին։ Հաջորդ կուրս են տեղափոխվել և այս պահին ՀՊՏՀ-ում իրենց ուսումնառությունը շարունակում են «Կառավարում (ըստ ոլորտի)» բակալավրի կրթական ծրագրի 6, «Գործարար վարչարարություն (Կառավարում)» մագիստրոսի կրթական ծրագրի 7 ուսանողներ, ինչպես նաև «Միջազգային տնտեսագիտություն» մասնագիտությամբ ուսումնառող 1 ասպիրանտ։

ՀՊՏՀ-ն նաև համագործակցում է Եվրասիական տնտեսական ընկերակցության (ԵՎՐԱԶԵՍ) միջխորհրդարանական վեհաժողովի համալսարանի հետ, ինչի շնորհիվ հյուրընկալել է ԵՎՐԱԶԵՍ համալսարանի 2 և Սանկտ Պետերբուրգի պետական տնտեսագիտական համալսարանի 1 ուսանողի։ Welcome Day-ը միջազգային ուսանողական համայնքի ձևավորման և վերջինիս համար կրթական ու մշակութային հարուստ փորձառություն ապահովելու ևս մեկ ապացույց էր։

Միջոցառման մյուս լուսանկարները՝ ՀՊՏՀ ֆեյսբուքյան պաշտոնական էջում