ՀՊՏՀ գիտնականները մասնակցել են ԱՊՀ համալսարանների ասոցիացիաների աշխատանքներին

12.06.2024 Ամբերդ
Դիտումների քանակ՝ 1026

Սույն թվականի հունիսի 3-7-ը ՀՊՏՀ տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետի դեկան, տ.գ.թ., դոցենտ Գրիգոր Նազարյանը և ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի տնօրեն, տ.գ.դ., պրոֆեսոր Դավիթ Հախվերդյանը գործուղվել էին ՌԴ Սանկտ Պետերբուրգ քաղաք՝ Կայուն տնտեսական զարգացման հարցերով ԱՊՀ համալսարանների ասոցիացիաների աշխատանքներին մասնակցելու նպատակով:

Աշխատանքային խորհրդակցությունների ընթացքում քննարկվել են ասոցիացիայի գործունեության ակտիվության բարձրացման, այդ թվում՝ համատեղ ամսագրի և պարբերական կոլեկտիվ մենագրության հրապարակման հետ կապված հարցեր: Այցի շրջանակներում ՀՊՏՀ ներկայացուցիչները մասնակցել են նաև Սանկտ Պետերբուրգում ավանդաբար կազմակերպվող՝ Եվրասիական միջազգային տնտեսական համաժողովի աշխատանքներին, մասնավորապես՝ «Ցածր ածխածնային տնտեսությունը՝ որպես Ռուսաստանի, Չինաստանի և Եվրասիայի երկրների զարգացման խթան» խորագրով պանելային քննարկմանը, որի ընթացքում Դավիթ Հախվերդյանը ելույթ է ունեցել «Կանաչ տնտեսությունը ԵԱՏՄ երկրներում» թեմայով:

Այցի ընթացքում ձեռք են բերվել հստակ պայմանավորվածություններ ասոցիացիայի շրջանակներում նոր, գործնական քայլերի ակտիվացման վերաբերյալ:

Այցի մյուս նկարները՝ ՀՊՏՀ ֆեյսբուքյան պաշտոնական էջում։