Բարի գալուստ ՀՊՏՀ․ օտարերկրյա ուսանողներն ինտեգրվում են ներբուհական կյանքին և ուսանողական միջավայրին

27.12.2022
Դիտումների քանակ՝ 1120

Գանայից, Կամերունից, Ռուսաստանի Դաշնությունից, Բանգլադեշից ժամանած և ՀՊՏՀ-ն որպես բուհ ընտրած, ինչպես նաև «Էրազմուս փոխանակման ծրագրով մեկ կիսամյակ ՀՊՏՀ-ում ուսումնառությունը շարունակող Վառնայի տնտեսագիտական (Բուլղարիա) և Ցվիկաուի կիրառական գիտությունների (Գերմանիա) համալսարանների օտարերկրացի ուսանողների համար այսօր Տնտեսագիտական համալսարանում կազմակերպվել էր Welcome day։ Նպատակը օտարերկրյա ուսանողներին աջակցելն է՝ ինտեգրվելու ներբուհական կյանքին և ուսանողական միջավայրին։

Ողջունելով արտասահմանցի ուսանողներին՝ ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանն ընդգծեց, որ համալսարանում նրանք կստանան միջազգային չափորոշիչներին համապատասխանող որակյալ տնտեսագիտական կրթություն: Ջերմ ու անկաշկանդ մթնոլորտում ռեկտորը ծանոթացավ նրանցից յուրաքանչյուրի հետ՝ պատրաստակամություն հայտնելով անձամբ աջակցել ցանկացած հարցում․ «Մենք ձեզ կօգնենք բացահայտելու համալսարանը, հեշտությամբ հարմարվելու նոր միջավայրին և ակտիվորեն ներգրավվելու համալսարանի գիտական, կրթական, մարզական և մշակութային կյանքում: Ակնկալում ենք ձեզնից բարձր առաջադիմություն, ինչը մեր համատեղ աշխատանքի արտացոլումը կլինի»։

ՀՊՏՀ միջազգային կապերի բաժնի աշխատակիցները ներկայացրին Հայաստանը, պատմեցին ՀՊՏՀ-ում սովորելու առավելությունների մասին, ծանոթացրին կրթական ծրագրերին, իսկ փոխանակման ծրագրով արտերկրում ուսանած ՀՊՏՀ-ականները վերհիշեցին դրվագներ իրենց ուսումնառությունից։

Հանդիպման ավարտին ուսանողների համար կազմակերպվեց ինտերակտիվ խաղ-վիկտորինա՝ Հայաստանին առնչվող թեմաներով։ Գանացի ուսանողուհին, պարզվեց, ամենատեղեկացվածն էր մեր պատմությունից ու մշակույթից, և հենց նա էլ արժանացավ գլխավոր մրցանակին։ ՀՊՏՀ խորհրդանշական նվերների արժանացան նաև մյուս օտարերկրյա ուսանողները։

ՀՊՏՀ ընդունված օտարերկրյա ուսանողների համար կրթությունը կազմակերպվում է անգլերենով՝ «Կառավարում (ըստ ոլորտի)» բակալավրի և «Գործարար վարչարարություն («Կառավարում»)» մագիստրոսի կրթական ծրագրերով։ Այս պահին ՀՊՏՀ-ն ուսանողներ և դիմորդներ ունի բարձրագույն կրթության երեք աստիճաններում՝ բակալավրիատ, մագիստրատուրա և ասպիրանտուրա։