ՀՊՏՀ 1-ին կուրսեցի Վարդանը պատերազմում սխրանքներ է գործել. այժմ նա շարունակում է ծառայությունը

11.01.2021
Դիտումների քանակ՝ 1300

Սիրելի՛ համալսարանականներ, շարունակում ենք ներկայացնել Արցախյան երրորդ պատերազմում արիաբար կռված մեր ուսանող-զինվորներին, որոնցից յուրաքանչյուրի պատմությունը մի առանձին հերոսապատում է՝ շաղախված անմեկնելի հայրենասիրությամբ ու դյուցազնական արիությամբ:

Այս անգամ մեր հերոսը կառավարման ֆակուլտետի հեռակա 1-ին կուրսի ուսանող, ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Վարդան Մարգարյանն է, ով պատերազմի առաջին իսկ օրերից մարտնչել է առաջնագծում՝ որպես հրանոթի հրամանատար: Վարդանը բանակ է զորակոչվել 2020 թվականի հունվարին՝ 1-ին կուրսի 2-րդ կիսամյակում: Ծառայում է Կապանի զորամասերից մեկում, սեպտեմբերի 27-ից իրենց զորախումբն արդեն Մեխակավանում էր (Ջեբրաիլ), պատերազմի ամենաթեժ կետերից մեկում մեր խիզախ ուսանողը անհավասար մարտեր է մղել: Ընդամենը 1 տարվա զինծառայող Վարդանը իր ընկերների հետ ոչնչացրել է թշնամու 135 հոգանոց զինված խումբը:

Վերջերս մեր հերոսը գտնվում էր մեկշաբաթյա արձակուրդում:

Նա մեր համալսարան է ընդունվել ՀՊՏՀ ֆինանսատնտեսագիտական քոլեջից, բարձր գնահատականներով:

Մեզ հետ զրույցում հերոսի մայրը, մանկավարժ Նունե Դավթյանն ասաց, որ տնտեսագիտությունը որդու սիրելի մասնագիտությունն է, Տնտեսագիտական համալսարանը՝ այդ մասնագիտությունը ստանալու լավագույն կրթօջախը:

«Որդուս մեծ նպատակներից մեկը բարձրագույն կրթություն ստանալն է: Միշտ ասում է՝ վերադառնամ, որպեսզի շարունակեմ ուսումս: Գիտեք, պատերազմից հետո Վարդանը լրիվ այլ մարդ է դարձել՝ ինքնամփոփ, ավելի զուսպ: Երբ նա տանն էր՝ արձակուրդում, աշխատում էինք շատ չխոսել պատերազմի մասին, հարցեր չտալ, որպեսզի չվերապրի կյանքի ծանր պահերը: Իրավամբ, հերոս են մեր տղաները, որոնք ծաղիկ հասակում դաժան պատերազմ ապրեցին, իսկական պաշտպանի նման անտրտունջ կռվեցին, փա´ռք ու պատիվ նրանց: Ամեն ծնողի նվիրական երազանքն է՝ խաղաղ երկնքի տակ ծառայեն իրենց որդիները և տուն գան: Մեր զինվորներին մաղթում եմ ուժ ու տոկունություն և բարի վերադարձ»,-ասաց Նունե Դավթյանը:

Վարդան Մարգարյանի սխրանքներին անդրադարձել է նաև A1+-ը, տեսանյութին կարող եք ծանոթանալ այս հղումով:

Հ.Գ. Լուսանկարները տրամադրել է Վարդանի մայրը:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին