Հրատարակվել է Զուխրա Երվանդյանի նոր մենագրությունը` «Գրիգոր Գուրզադյանի խոհերի ու մտորումների աշխարհը»
Լույս է տեսել ՀՊՏՀ լեզուների ամբիոնի դոցենտ, բ.գ.թ., Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության գրողների միության անդամ Զուխրա Երվանդյանի «Գրիգոր Գուրզադյանի խոհերի ու մտորումների աշխարհը» մենագրությունը, որը հեղինակի բեղմնավոր գրչի, լայնահուն ու որոնող մտքի ևս մեկ վկայությունն է, նրա ստեղծագործական ճանապարհի ևս մեկ արգասիքը:
Մենագրությունը նվիրված է աշխարհահռակ աստղաֆիզիկոս, գեղանկարիչ, խոհագրող ու մեծ մտածող Գրիգոր Գուրզադյանի խոհագրությունների թեմատիկ և պատկերային համակարգի առանձնահատկությունների քննությանը:
Գրքի խմբագիր, բ.գ.դ., պրոֆեսոր, Արցախի Հանրապետության գրողների միության նախագահ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Վարդան Հակոբյանը, արժևորելով Զուխրա Երվանդյանի ստեղծագործությունը, աշխատության առաջաբանում, որը վերտառված է «Խոսք գնահատումի», գրում է. «Աշխատության մեջ մանրակրկիտ համակարգված, գիտականորեն հիմնավորված դիտարկումներով են ներկայացվում այն միջոցները, որոնք իրենց ներշերտերում կրում են մտքի ու ասելիքի գաղտնագրման գուրզադյանական գաղափարները:
Զուխրա Երվանդյանը մեծ հմտությամբ է վերհանել այն հսկայածավալ մտային ու խոհազգացական պաշարները, որ շռայլորեն իր ընթերցողին է նվիրել գերերևույթորեն մտածող ֆիզիկոս տիեզերագետը»:
Հիշեցնենք, որ Զուխրա Երվանդյանի «Գրիգոր Գուրզադյան «մարդ - իրադարձությունը» հոդվածը լույս էր տեսել ՀՊՏՀ «Տնտեսագետ» ամսագրի 2018 թ. հունվար-փետրվարյան համարում և շատերի համար դարձել էր ծանոթություն Գրիգոր Գուրզադյան մեծության հետ` նախապատրաստելով այս նոր հանդիպումը:
«Կեցության ա՜յս ձևն ու կերպն եմ ընտրել. այսպես եմ պաշտպանում միտքս ցավ ու դավից ավերվելուց ու կողոպտվելուց. ինչ փրկում եմ, թղթին եմ հանձնում: Այս մենագրությունը կյանքի է կոչվել մեծ սիրով, գրիչ վերցնող ու ՄԵԾԻ կերտած գեղագիտական աշխարհը ներկայացնել համարձակվողի ներքին տագնապներով, խորին ակնածանքով: Բոլոր էջերում աշխարհահռչակ աստղագետ-ֆիզիկոս Գուրզադյանն է՝ իր խոհերով ու մտորումներով, իր փառավոր ներկայությամբ». գրքի հրատարակման առթիվ իր ֆեյսբուքյան էջում գրում է Զուխրա Երվանդյանը:
Շնորհավորում ենք մեր հարգարժան գործընկերոջը և մաղթում ստեղծագործական նոր նվաճումներ, որոնք յուրաքանչյուր անգամ ընթերցողին նվիրաբերում են գիտելիք, գեղարվեստական վսեմ խոսք, փիլիսոփայական խոր ընդհանրացումների հնարավորություն:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին