ՀՊՏՀ շրջանավարտների ցանց. գրանցվելու համար ՀՊՏՀ պաշտոնական կայքում ստեղծվել է նոր բաժին

Դիտումների քանակ՝ 2627

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի, Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտի, Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի սիրելի՛ շրջանավարտներ, ձեզանից շատերն արդեն տեղյակ են շրջանավարտների ցանց ստեղծելու մասին ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար, տ.գ.դ., պրոֆեսոր Ռուբեն Հայրապետյանի հայտարարությանը:
Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ գործընթացն ավելի համակարգված իրականացնելու համար ՀՊՏՀ պաշտոնական կայքում (ձախ անկյունում, կայքի ամենավերևի հատվածում) ստեղծվել է «Շրջանավարտ» բաժինը, որտեղ այցելելով՝ կարող եք լրացնել տրված ձևաչափը: Այդպիսով, դուք կգրանցվեք ՀՊՏՀ շրջանավարտների ցանցի տեղեկատվական բազայում:
Հիշեցնենք, որ մեր համալսարանի շրջանավարտների ցանց ստեղծելու նախաձեռնության մասին հայտարարությամբ ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանը հանդես էր եկել այս տարվա սկզբին: «Համալսարանի ռեկտորի պաշտոնակատար նշանակվելուց ի վեր բազմաթիվ նամակներ եմ ստանում գործարարության ոլորտի տարբեր ներկայացուցիչներից, պետական պաշտոնյաներից, միջազգային ծրագրերի կառավարիչներից, ովքեր իրենց պատրաստակամությունն են հայտնում համագործակցելու համալսարանի հետ: Նրանցից շատերը մեր համալսարանի տարբեր տարիների շրջանավարտներ են, ովքեր համագործակցելուց զատ ուզում են որևէ կերպ օգտակար լինել համալսարանին և կապ հաստատել հարազատ բուհի հետ: Մենք հզոր ներուժ ունենք, որը մինչև այժմ պատշաճ կերպով չենք իրագործել: Զբաղեցնելով տարբեր պատասխանատու պաշտոններ՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում, մեր համալսարանի տարբեր տարիների շրջանավարտները բուհի շուրջը ձևավորել են մի հսկայական ռեսուրսային բազա, որը կանոնակարգված կերպով ավելացված արժեք չի ստեղծել: Հաշվի առնելով այս հանգամանքը, ինչպես նաև առաջիկա տարիներին տնտեսագիտական համալսարանի զարգացման գերակայությունները՝ գաղափար է առաջացել՝ շրջանավարտների ցանց ստեղծելու, որը կապող օղակ պետք է դառնա համալսարանի և տարբեր տարիների շրջանավարտների միջև: Նախաձեռնության հիմնական գաղափարը փոխշահավետության ու պատրաստակամության ահռելի ներուժն օգտագործելն է և համագործակցությունը կանոնակարգելը»,- հայտարարել էր Ռուբեն Հայրապետյանը: ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատարի հայտարարությանն ամբողջությամբ կարող եք ծանոթանալ ավելի վաղ արված հետևյալ հրապարակումից:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին