Կայացավ ՀՊՏՀ խորհրդի նիստը. խորհրդի նախագահ ընտրվեց «Համայնքների ֆինանսիստների միավորում» ՀԿ նախագահ Վահան Մովսիսյանը

Դիտումների քանակ՝ 4798

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում այսօր կայացավ խորհրդի նիստ, որին ներկա էին խորհրդի 32 անդամներից 25-ը: Նիստը բացեց ՀՀ կրթության և գիտության նախարարության գլխավոր քարտուղար Նաիրի Հարությունյանը՝ նշելով, որ մինչ խորհրդի նախագահի ընտրությունը նիստի վարումը, ավանդույթի համաձայն, վերապահվում է կրթության և գիտության նախարարությանը: ԿԳՆ գլխավոր քարտուղարն առաջարկեց նախ ծանոթանալ միմյանց՝ հաշվի առնելով, որ խորհրդի կազմը նոր է, որից հետո ներկայացրեց խորհրդի օրակարգում ընդգրկված առաջին հարցը, այն է՝ ՀՊՏՀ խորհրդի նախագահի ընտրություն: Որպես ՀՊՏՀ խորհրդի նախագահի թեկնածու՝ առաջադրվեց խորհրդի անդամ, «Համայնքների ֆինանսիստների միավորում» ՀԿ նախագահ Վահան Մովսիսյանի թեկնածությունը:
Շնորհակալություն հայտնելով վստահության համար՝ Վահան Մովսիսյանը նշեց, որ ինքը 22 տարի ղեկավարում է «Համայնքների ֆինանսիստների միավորում» հասարակական կազմակերպությունը, որը Հայաստանի հանրային կառավարման ոլորտում լուրջ դերակատարում ունի և իրականացրել է բազմաթիվ և բազմապիսի աշխատանքներ, այդ թվում՝ օրենսդրական, մեթոդաբանական մշակումների ոլորտում, ունի նաև երիտասարդների՝ այդ թվում ՀՊՏՀ շրջանավարտ երիտասարդների հետ աշխատանքի մեծ փորձ: Վահան Մովսիսյանը նաև նշեց, որ ինքը դասախոսական փորձ ևս ունի, հատկապես զբաղվել է կարճաժամկետ ուսուցմամբ, վերջին տարին «Հանրային կառավարում» դասընթաց է դասավանդել Կառավարման ակադեմիայում: «Ինչ վերաբերում է խորհրդի նախագահի պաշտոնում իմ ընտրվելուն, ինչպես որ ես եմ ըմբռնել, սա ուղղակի խորհրդի աշխատանքը կազմակերպող պաշտոն է և իր մեջ մեջ չի ներառում խորհրդի մյուս անդամներից ավելի բարձր լիազորություններ: Կարծում եմ, կազմակերպչական իմաստով ես պատրաստ եմ: Միաժամանակ պատրաստ ենք օգնելու ռեկտորին, օգնելու, որպեսզի մեր սիրելի ուսումնական հաստատությունը դառնա այն, ինչը մենք մոտ ժամանակներս կհաստատենք ներկայացվելիք զարգացման ծրագրով»,- ասաց Վահան Մովսիսյանը: 24 կողմ և 1 ձեռնպահ ձայներով, բաց քվեարկությամբ ՀՊՏՀ խորհրդի նախագահ ընտրվեց Վահան Մովսիսյանը, ով ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնեց վստահության համար՝ համոզմունք հայտնելով, որ խորհուրդը միասին արդյունավետ աշխատելու է, ապա հավելեց, որ ինքն ակնկալում է նաև խորհրդի անդամների գործուն մասնակցությունը խորհրդի աշխատանքներին:
Խորհրդի նախագահի առաջարկով հաստատվեց նիստի օրակարգը: Որպես խորհրդի քարտուղարի թեկնածու` առաջադրվեց ՀՊՏՀ գիտական քարտուղար Նաիրա Դարբինյանի թեկնածությունը: Առաջարկվեց այս պաշտոնում առաջադրել նաև ուսանողների ներկայացուցիչներից որևէ մեկին, սակայն ՀՊՏՀ ուսանողական խորհրդի նախագահ Հովհաննես Հարությունյանը, շնորհակալություն հայտնելով, նշեց, որ այս պահին տվյալ պաշտոնում ավելի նպատակահարմար են համարում Նաիրա Դարբինյանի թեկնածությունը: Խորհուրդը քվեարկությամբ քարտուղար ընտրեց Նաիրա Դարբինյանին:
Օրակարգային հաջորդ՝ ՀՊՏՀ 2018թ. ուսումնագիտական ու ֆինանսատնտեսական գործունեության արդյունքների և 2019թ. բյուջեի նախագծի հիմնական ցուցանիշների մասին հարցի վերաբերյալ ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար, տ.գ.դ., պրոֆեսոր Ռուբեն Հայրապետյանը նշեց՝ քանի որ ինքը նշանակվել է նախորդ տարվա վերջին օրը, ապա նպատակահարմար է , որ ուսումնագիտական և ֆինանսատնտեսական գործունեության արդյունքները ներկայացնեն ուսումնամեթոդական աշխատանքների գծով պրոռեկտոր Պարույր Քալանթարյանը և գլխավոր հաշվապահ Էմմա Ադամյանը: Նրանց հաշվետվություններից հետո Ռուբեն Հայրապետյանն անդրադարձավ ՀՊՏՀ 2019թ. բյուջեին՝ նախ ընդգծելով, որ այն կազմվել է բուհի ղեկավար կազմի փոփոխության ժամանակաշրջանում, ապա հավելելով, որ բյուջեում կատարվել են կարճաժամկետ իրավիճակային փոփոխություններ՝ կապված համալսարանի զարգացման ծրագրով նախատեսված գործընթացների հետ: Ռեկտորի պաշտոնակատարն ընդգծեց, որ արդեն իսկ կազմվում է համալսարանի զարգացման ծրագիրը, որտեղ ամրագրվում են զարգացման գերակայությունները, ապա հավելեց, որ նախատեսվող ծրագրերը կյանքի կոչելու հարցում ինքն ունի խորհրդի անդամների աջակցության կարիքը:
Այնուհետև խորհրդի անդամները հանդես եկան տարբեր հարցադրումներով, համալսարանի զարգացման վերաբերյալ առաջարկություններով: Ամփոփելով քննարկումները՝ ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանը նշեց, որ համալսարանի և առհասարակ կրթության ոլորտի հիմնախնդիրները քաջ հայտնի են բոլորին, սակայն կարևոր է՝ առկա խնդիրներին լուծում տալու համար համատեղ քննարկումների կազմակերպումը, իրատեսական առաջարկների ներկայացումը: «Կա միայն մեկ նպատակ՝ Տնտեսագիտական համալսարանը ավելի լավը դարձնել, այլ՝ ածանցյալ բոլոր նպատակները մեր կողմից բացառվելու են»,- նշեց համալսարանի ղեկավարը՝ հավելելով, որ ակնկալում է խորհրդի աջակցությունն այս գործընթացում:
Այնուհետև խորհուրդը հավանություն տվեց ՀՊՏՀ 2018թ. ուսումնամեթոդական, գիտահետազոտական և ֆինանսատնտեսական գործունեությանը, ՀՊՏՀ 01.12.2017թ.-30.11.2018թ. ժամանակահատվածի բյուջեի կատարման արդյունքները գնահատեց բավարար և հաստատեց համալսարանի 2019թ. բյուջեն:
Խորհրդի նախագահ Վահան Մովսիսյանը, դիմելով ուսանողներին, նշեց, որ ներկա բոլոր քայլերն արվում են ուսանողների և Հայաստանի վաղվա օրն ավելի լավը դարձնելու համար, ապա կոչ արեց ակտիվորեն համագործակցել խորհրդի հետ, հանդես գալ առաջարկներով և նախաձեռնություններով:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին