ՀՊՏՀ «Ամբերդ» կենտրոնը բարելավել է իր դիրքը ուղեղային կենտրոնների համաշխարհային վարկանշավորման զեկույցում

29.01.2021 Ամբերդ
Դիտումների քանակ՝ 1961

Ս.թ. հունվարի 28-ին տեղի է ունեցել «Why Think Tanks Matter» ուղեղային կենտրոնների ամենամյա գլոբալ համաժողովը, որի ընթացքում ավանդանդաբար հրապարակվում է նաև ԱՄՆ Փենսիլվանիայի համալսարանի կողմից կազմվող ուղեղային կենտրոնների համաշխարհային վարկանշավորման զեկույցը: Համաժողովին, որն այս տարի իրականացվում էր առցանց, հրավիրվել էր նաև ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի տնօրենի տեղակալ-ավագ փորձագետ, քաղաքական գիտությունների դոկտոր Վարդան Աթոյանը։ Ինչպես փոխանցեց մեր գործընկերը՝ «Ամբերդը» «Կենտրոնական Ասիայի լավագույն ուղեղային կենտրոնները» դասակարգման մեջ աննախադեպ առաջընթաց է ունեցել և միանգամից 9 տեղով բարելավել է իր դիրքը՝ զբաղեցնելով 50-րդ հորիզոնականը, իսկ աշխարհի լավագույն համալսարանական ուղեղային կենտրոնների շարքում պահպանել է իր դիրքը՝ կրկին զբաղեցնելով 94-րդ հորիզոնականը։

«Հպարտությամբ պետք է նշեմ, որ հայաստանյան պետական բուհերի շրջանակներում Տնտեսագիտականը միակ բուհն է, որն ունի վարկանշավորված ուղեղային կենտրոն: Ավելին՝ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի վարկանիշը տարեցտարի բարելավվում է: Տնտեսագիտական համալսարանը գործունեության բոլոր ոլորտների զարգացման բարձր նշաձող է սահմանել, որում առանցքային է գիտահետազոտական ուղղության զարգացումը, և այս համատեքստում «Ամբերդ» կենտրոնի կայուն առաջընթացը մեզ ոգևորում է: Շնորհավորում եմ հետազոտական կենտրոնի մեր գործընկերներին և ՀՊՏՀ ողջ կոլեկտիվին այս ձեռքբերման կապակցությամբ և մաղթում նորանոր հաջողություններ»,- asue.am-ի խնդրանքով մեկնաբանելով վարկանիշավորման արդյունքները՝ ասաց ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանը:

Կենտրոնի տնօրեն Դավիթ Հախվերդյանը ևս մեր խնդրանքով անդրադարձավ արդյունքներին՝ նշելով․ «Իհարկե, ձեռքբերում ենք համարում Կենտրոնական Ասիայի ուղեղային կենտրոնների շարքում 9 կետով առաջընթացը՝ հաշվի առնելով կորոնավիրուսի համաճարակի և Արցախյան պատերազմի բացասական հետևանքները: Ձեռքբերում ենք համարում նաև աշխարհի լավագույն համալսարանական ուղեղային կենտրոնների շարքում նույն հորիզոնականում մնալը՝ հաշվի առնելով համաշխարհային տնտեսությունում ուղեղային կենտրոնների ազդեցության խորացող միտումները»։

«ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնը արդեն չորրորդ տարին անընդմեջ տեղ է գտնում այս հեղինակավոր զեկույցում՝ ամեն անգամ բարելավելով նախորդ տարվա ցուցանիշը: Այսպես, «Կենտրոնական Ասիայի լավագույն ուղեղային կենտրոնները» դասակարգման մեջ 2017-ին «Ամբերդը» զբաղեցրել է 65-րդ, 2018-ին՝ 61-րդ, 2019-ին՝ 59-րդ, իսկ երեկ հրապարակված 2020 թվականի արդյունքներով՝ 50-րդ հորիզոնականը՝ միանգամից բարձրանալով 9 հորիզոնականով: Նշեմ, որ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում, որում ներառվել է նաև Հարավային Կովկասը, Փենսիլվանիայի համալսարանը դիտարկել է 9 երկրի շուրջ 230 կենտրոն, որոնցից միայն 58-ն են թերևս բավարարել վարկանշավորման պահանջները և տեղ գտել վերջնական զեկույցում։ Հավելեմ, որ նախորդ տարվա զեկույցում «Ամբերդը» առաջին անգամ 2018 թվականի արդյունքներով տեղ էր զբաղեցրել նաև աշխարհի «Լավագույն համալսարանական ուղեղային կենտրոնները» դասակարգման մեջ, ինչը մեծ նվաճում պետք է համարել: Ավելին, մենք այդ դասակարգման մեջ միակն ենք տարածաշրջանում։ Այս տարի մեզ հաջողվել է պահպանել մեր տեղը նաև այդ դասակարգման մեջ և ըստ այդ զեկույցի՝ «Ամբերդը» աշխարհի լավագույն համալսարանական ուղեղային կենտրոնների շարքում 94-րդն է: Այս արդյունքները առավել արժևորվում են այն համատեքստում, որ Փենսիլվանիայի համալսարանի կողմից դիտարկվող ուղեղային կենտրոնների թիվը տարեցտարի ավելանում է, հետևաբար ուժգնանում է նաև մրցակցությունը: Օրինակ, նախորդ տարի զեկույցի հեղինակները դիտարկել էին աշխարհի 8248 ուղեղային կենտրոն: Այս տարի դիտարկվող ուղեղային կենտրոնների թիվը ավելացել է գրեթե 3000-ով՝ հասնելով 11175-ի», - մանրամասնեց «Ամբերդի» փոխտնօրեն Վարդան Աթոյանը:

Զեկույցին ամբողջությամբ կարող եք ծանոթանալ այստեղ։

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին