ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնը աշխարհի լավագույն համալսարանական ուղեղային կենտրոնների շարքում է

Դիտումների քանակ՝ 3012

2020 թ. հունվարի 30-ին լույս է տեսել Փենսիլվանիայի համալսարանի TTCSP Global Go To Think Tank Index 2019 թ. վարկանիշավորման զեկույցը, որում ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնն աշխարհի «Լավագույն համալսարանական ուղեղային կենտրոններ» դասակարգման մեջ զբաղեցրել է 94-րդ հորիզոնականը, իսկ «Կենտրոնական Ասիայի լավագույն ուղեղային կենտրոններ» դասակարգման մեջ՝ 59-րդ տեղը:

Այս առնչությամբ ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար Դիանա Գալոյանը շնորհավորում և ներդրված ջանքերի համար շնորհակալություն է հայտնում հետազոտական կենտրոնի աշխատակազմին՝ նշելով, որ «Ամբերդ» կենտրոնի այս հաջողությունը մեծ ձեռքբերում է հատկապես հիմա, երբ փորձ է արվում կրթության որակի բարձրացումը ապահովել գիտության և հետազոտության հենքի վրա: «Եվ այս համատեքստում մեր համալսարանական ուղեղային կենտրոնի այս նշանակալի ձեռքբերումը շատ ենք կարևորում, մեծ պատիվ ենք համարում այդ հեղինակավոր վարկանիշային զեկույցում ընդգրկվելը: Հուսով եմ՝ առաջիկայում կունենանք նաև վարկանիշի բարելավում»,- նշում է բուհի ղեկավարը:

Նշենք, որ Փենսիլվանիայի համալսարանը միակն է, որ մշտադիտարկում և հավաքագրում է տվյալներ աշխարհում գործող ավելի քան 8000 ուղեղային կենտրոնների գործունեության վերաբերյալ, որոնցից լավագույնները որոշակի մեթոդաբանությամբ և մի քանի փուլից բաղկացած փորձագիտական գնահատումից հետո տեղ են գտնում ամենամյա վարկանիշավորման զեկույցում:

Հավելենք, որ բացի ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնից, «Լավագույն համալսարանական ուղեղային կենտրոններ» դասակարգման մեջ Հարավային Կովկասի երկրները ներկայացնող այլ համալսարանական ուղեղային կենտրոններ չկան: «Կենտրոնական Ասիայի լավագույն ուղեղային կենտրոններ» դասակարգման մեջ տեղ է գտել Հայաստանը ներկայացնող 10 ուղեղային կենտրոն: Զեկույցի հեղինակների գնահատմամբ՝ ընդհանուր առմամբ Հայաստանում գործում է 30 ուղեղային կենտրոն:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին