ՀՊՏՀ-ն և Տավուշի մարզպետարանը համատեղ հետազոտություններ կիրականացնեն

05.02.2021 Ամբերդ
Դիտումների քանակ՝ 1437

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը (ի դեմս «Ամբերդ» հետազոտական կենտրոնի) և Տավուշի մարզպետարանը համատեղ հետազոտություններ կիրականացնեն։ Համագործակցության հիմքն ամրագրվել է համագործակցության հուշագրի կնքմամբ և գործընկերային հանդիպմամբ: Երեկ մարզպետարան են այցելել ՀՊՏՀ գիտության գծով պրոռեկտոր Թաթուլ Մկրտչյանը և «Ամբերդ» հետազոտական կենտրոնի տնօրեն Դավիթ Հախվերդյանը։

Ինչպես asue.am-ին հայտնեց պրոռեկտոր Թաթուլ Մկրտչյանը, հանդիպումը նախա­ձեռնել է Տավուշի մարզպետարանը՝ ծանոթանալով ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի կողմից կատարված «ՀՀ Լոռու և Տավուշի մարզերի սոցիալ-տնտեսական զարգացման մոդելը» հետազոտությանը։

Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի և մարզպետարանի ներկայացուցիչների հետ հանդիպումն անցել է կառուցողական մթնոլորտում։ Թաթուլ Մկրտչյանի խոսքով՝ հանգամանալից քննարկվել են արդյունավետ և առարկայական համագործակցության հեռանկարները, որոշվել է մշակել մարզում ոլորտային զարգացման մոտեցումներ ու մոդելներ, վեր հանել խնդիրները, մատնանշել լուծումները, ինչը կարող է դառնալ քաղաքականության մշակման հիմք։ Պրոռեկտորի խոսքով, պայմանավորվածություն է ձեռք բերվել հետազո­տություններն իրականացնել մի շարք ուղղություններով, որոնք կհստակեցվեն առաջիկայում։

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին