ՀՊՏՀ-ն հայտարարում է 2019-2020 ուսումնական տարվա առկա մագիստրատուրայի ընդունելություն
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը հայտարարում է պետության կողմից ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ /անվճար/ (առաջին փուլ) և բուհի կողմից ուսման վարձի մասնակի զեղչի կիրառմամբ /վճարովի/ (երկրորդ փուլ) առկա ուսուցմամբ մագիստրոսի կրթական ծրագրով 2019/2020 ուսումնական տարվա ընդունելություն:
ՀՊՏՀ առկա ուսուցմամբ մագիստրատուրա մրցութային կարգով կարող են ընդունվել ՀՀ պետական և ըստ մասնագիտությունների հավատարմագրված ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների բակալավրի, դիպլոմավորված մասնագետի կամ մագիստրոսի որակավորում ունեցող անձինք։ Մագիստրոսի աստիճան ունեցող քաղաքացիները երկրորդ մագիստրոսական կրթություն կարող են ստանալ միայն վճարովի հիմունքներով։
Գալիք ուսումնական տարվանից ՀՊՏՀ-ն իրականացնում է ընդունելություն 2 նոր մագիստրոսական կրթական ծրագրերի՝ «Գործարար կառավարում» (Business Administration) և «Հանրային կառավարում» (Public Administration) մասնագիտությունների գծով:
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը (ՀՊՏՀ), Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը (ՃՇՀԱՀ) և Վալենսիայի պոլիտեխնիկական համալսարանը (ՎՊՀ, Իսպանիա) իրականացնում են «Նախագծերի կառավարում» (զբոսաշրջության, մշակութային ժառանգության կառավարման և երկրատեղեկատվական համակարգերի ոլորտներում) մագիստրոսական համատեղ կրթական ծրագիրը՝ մեկտեղելով տնտեսագիտական և կառավարման իմացությունը տեխնիկական գիտելիքի ու հմտությունների հետ։
Մագիստրատուրայի ընդունելության մասին բոլոր մանրամասներին կարող եք ծանոթանալ ՀՊՏՀ ընդունող հանձնաժողովի տրամադրած հայտարարությունից:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին