Նոր մագիստրոսական ծրագրերը կտևեն մեկուկես տարի, դասերը կկազմակերպվեն երեկոյան

Դիտումների քանակ՝ 4487

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում նոր ուսումնական տարվանից կներդրվեն «Գործարար կառավարում» (Business Administration) և «Հանրային կառավարում» (Public Administration) մասնագիտությունների գծով նոր մագիստրոսական ծրագրեր:

Այս մասին հայտարարվեց այսօր կայացած ռեկտորատի նիստում, հարցը ներկայացրեց կառավարման ֆակուլտետի դեկան Մանուկ Մովսիսյանը՝ նշելով, որ ՀՊՏՀ կառավարման ամբիոնը 2 նոր մագիստրոսական կրթական ծրագիր իրականացնելու համար դիմել Կրթության և գիտության նախարարությանը և ստացել է արտոնագիր:

«Բավական երկար և լուրջ աշխատանք ենք կատարել այս ծրագրերի իրագործման ուղղությամբ, բենչմարքինգ ենք կատարել, դիտարկել ենք կադրային հնարավորությունները և արդյունքում կարող ենք հայտարարել, որ ունենալու ենք շատ բարձր որակի և միջազգային մակարդակի մագիստրոսական ծրագրեր՝ ներգրավվելով լավագույն մասնագետների և հատուկ շեշտադրում անելով կիրառական բաղադրիչին: Ակնկալում ենք 2020թ.-ից նույն որակն ապահովել բոլոր մասնագիտությունների համար»,- հայտարարեց ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար, տ.գ.դ., պրոֆեսոր Ռուբեն Հայրապետյանը:

Քննարկման ժամանակ որոշվեց տվյալ մագիստրոսական կրթական ծրագրերի ուսման վարձը սահմանել 680 հազար ՀՀ դրամ: Կրթական ծրագրի տևողությունը մեկուկես տարի է, հետևաբար երկրորդ տարվա վարձավճարը կազմելու է 340 հազար դրամ: Դասերը կկազմակերպվեն երեկոյան ժամերին:

«Այս ծրագրերի արդյունավետ իրականացումը մեզ հնարավորություն կտա հետագայում նույն որակի մագիստրոսական ծրագրեր ներդնել նաև մեր բուհի մյուս մասնագիտությունների գծով: Սա նաև լավ հնարավորություն է ուսանողների համար, քանի որ նրանք մեկուկես տարում կկարողանան ստանալ մագիստրոսական կրթություն»,- շեշտադրեց համալսարանի ղեկավարը:

ՀՊՏՀ առկա մագիստրատուրայի ընդունելության մասին մանրամասներին կարող եք ծանոթանալ ՀՊՏՀ պաշտոնական կայքի «Դիմորդ» բաժնում՝ հետևյալ հղումով:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին