ՀՊՏՀ դոցենտը՝ Լեհաստանի Պոզնանի տնտեսագիտության և բիզնեսի համալսարանում

Դիտումների քանակ՝ 1926

ՀՊՏՀ աշխատանքի տնտեսագիտության ամբիոնի դոցենտ, տ.գ.թ. Լուսինե Կարապետյանը մայիսի 28-ից հունիսի 1-ը «Էրազմուս+»-ի՝ դասախոսների փոխանակման ծրագրի շրջանակներում, այցելել է Լեհաստանի Պոզնանի տնտեսագիտության և բիզնեսի համալսարան:
Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնին այս մասին տեղեկացրեց Լուսինե Կարապետյանը՝ հայտնելով այցի մի շարք մանրամասներ: Եվ այսպես, ՀՊՏՀ դոցենտը մասնակցել նախ տվյալ համալսարանի ռեկտոր Մաչեյ Ժուկովսկու դասընթացին և դրա շրջանակներում վարել է «Կենսաթոշակային բարեփոխումները ԱՊՀ երկրներում» թեմայով դասախոսություն, որն ավարտվել է հարց ու պատասխանով և ուսանողների ներգրավմամբ ակտիվ քննարկմամբ: Ի դեպ, սույն դասախոսությունը նախապես ուղարկվել է տվյալ համալսարան և ներկայացվել պաշտոնական կայքում, ինչը, Լուսինե Կարապետյանը ենթադրությամբ, պատճառ է դարձել, որ ուսանողները, նախապես տեղյակ լինելով դասախոսության թեմայից, ակտիվ լինեն և ներկայացնեն հարցադրումներ: Այս դասընթացի դասախոս Քրիշտոֆ Վիսկավայի հետ համատեղ գիտական հոդված պատրաստելու պայմանավորվածություն է ձեռք բերվել:
Հյուրընկալության շրջանակներում ՀՊՏՀ դասախոսը հանդես է եկել նաև «Կենսաթոշակային համակարգը ԵՄ անդամ երկրներում», «Կուտակային կենսաթոշակային բաղադրիչի ռիսկերը», «ՀՀ կենսաթոշակային համակարգը» թեմաներով դասախոսություններով, առանձին հանդիպում է կազմակերպվել նաև տնտեսագիտական ֆակուլտետի ուսանողների համար:
Լուսինե Կարապետյանն իր այցը, ընդհանուր առմամբ, արդյունավետ է գնահատում՝ միաժամանակ հավելելով, որ հետադարձ կապով Պոզնանի համալսարանի կողմից ստացել է դրական արձագանքներ: Նման հնարավորությունները, դոցենտի խոսքով, շատ կարևոր են փորձի փոխանակման համար՝ հատկապես, երբ լինում են արդյունքներ: Այս համատեքստում մեր զրուցակիցը նաև հայտնեց, որ օրինակ անցած տարի Բիալիստոկի համալսարանում Նեպալի Պոկարա համալսարանի գործընկերների հետ ձեռք բերված պայմանավորվածությունն արդյունք է տվել և մարտին Նեպալում «Ապահովագրության և սոցիալական պաշտպանության նեպալյան ամսագիր» մասնագիտական ամսագրում լույս է տեսել «Կենսաթոշակային բարեփոխումների առանձնահատկությունները ԱՊՀ երկրներում» Լուսինե Կարապետյանի հոդվածը:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին