ՀՊՏՀ դոցենտ Սոֆյա Օհանյանը մասնակցել է 2 գիտաժողովի

Դիտումների քանակ՝ 1600

2018 թ. ապրիլ և մայիս ամիսներին Համազգային հայ կրթական և մշակութային միության նախաձեռնությամբ կազմակերպվել են Հայաստանի առաջին հանրապետության 100-ամյակին և Համազգային հայ կրթական և մշակութային միության հիմնադրման 90-ամյակին նվիրված գիտաժողովներ, որոնց մասնակցել է նաև ՀՊՏՀ փիլիսոփայության և հայոց պատմության ամբիոնի դոցենտ, փիլ. գիտ. թեկնածու Սոֆյա Օհանյանը:
«Արցախում պետականության վերակերտում (1917 թ. դեկտեմբեր – 1918 թ. հուլիս). պատմագիտական և քաղաքագիտական հայեցակետեր» խորագրով առաջին գիտաժողովը տեղի է ունեցել ապրիլի 20-ին Ստեփանակերտում` Արցախի պետական համալսարանի հետ համագործակցաբար: Գիտաժողովին ներկա էին Արցախի Հանրապետության պաշտոնատար անձինք, Համազգայինի կենտրոնական վարչության անդամներ, գիտնականներ ՀՀ-ից և Արցախից: Ընդգծելով հայության համար պատմական նշանակության իրադարձությունների կապակցությամբ կազմակերպվող միջոցառումների անհրաժեշտությունը` գիտաժողովի նպատակն էր դրանք հայկական պետականության զարգացմանն ու կայացմանը ծառայեցնելը, մեր պատմության կարևորագույն ժամանակահատվածներից մեկին գիտական գնահատական տալը:
Երկրորդ գիտաժողովը, որը կրում էր «Կրթամշակութային կյանքը Հայաստանի առաջին հանրապետության տարիներին» խորագիրը, կայացել է մայիսի 15-16-ին Երևանում, կազմակերպվել է Երևանի պետական համալսարանի և ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի համատեղ ջանքերով: Գիտաժողովին ներկա էին համակազմակերպիչ կառույցների, ոլորտի գիտակրթական առաջատար հաստատությունների ներկայացուցիչներ ՀՀ-ից և Սփյուռքից: Գիտաժողովի նպատակն էր համակողմանիորեն և գիտական արդիական չափանիշներով քննել Առաջին հանրապետության տարիներին ձևավորված գրական-մշակութային կյանքն ու դրա առանձնահատկությունները, անդրադառնալ գիտության և կրթության ոլորտում պետական քաղաքականության հիմքերին:
Մեր գործընկերն առաջին գիտաժողովին ներկայացրել է «Արցախի տնտեսական կողմնորոշման հարցի վերլուծությունը Դավիթ Անանունի «Ղարաբաղ» հոդվածում» զեկույցը, որում նա, XX դարասկզբի հայ պատմաբան, գրականագետ, հրապարակախոս, հասարակական գործիչ Դավիթ Անանունի (Տեր-Դանիելյան) հասարակական-քաղաքական հայացքների ուսումնասիրության համատեքստում անդրադառնալով Արցախի տնտեսական զարգացման հեռանկարին, եզրակացրել է, որ Արցախը և՛ պատմաքաղաքական, և՛ ազգային-մշակութային, և՛ տնտեսական առումով կազմում է Հայաստանի անբաժան մասը:
Սոֆյա Օհանյանի երկրորդ զեկուցումը` «Դոկտոր Երվանդ Ֆրանգյան` մոռացված փիլիսոփան», նվիրված էր XX դարասկզբի հայ ականավոր մտավորական, ՀՅԴ լավագույն տեսաբաններից մեկի` փիլիսոփայության դոկտոր Երվանդ Ֆրանգյանի գիտամանկավարժական գործունեությանը` շեշտադրելով այն հանգամանքը, որ վերջինս նշանակալից դեր է կատարել ժամանակաշրջանի գաղափարական ընդհանուր մթնոլորտի, փիլիսոփայական հիմնախնդիրների առաջադրման ու քննարկման գործում և համաշխարհային փիլիսոփայության բազմազան ուղղությունների գաղափարական զինանոցը ծառայեցնելով ազգային շահերի և նպատակների տեսական հիմնավորմանը՝ փորձել է իմաստավորել հայ ժողովրդի ազգային կեցությունը, տալ հայ մարդու ազգային նկարագիրը:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին