Ամփոփիչ ատեստավորման գործընթացը ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետում
Այսօր ՀՊՏՀ ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետում ավարտական աշխատանքներ էին պաշտպանում բակալավրիատի շրջանավարտները: Ֆակուլտետի դեկան Մանուկ Մովսիսյանը տեղեկացրեց, որ ամփոփիչ ատեստավորման գործընթացը բնականոն հուն է մտել, այս տարի շրջանավարտների թիվը, ըստ մասնագիտությունների և կրթակարգերի, այսպիսին է. առկա բակալավրիատում՝ մաթեմատիկական մեթոդներ և մոդելները տնտեսագիտության մեջ՝ 30 հոգի, կառավարման տեղեկատվական համակարգեր՝ 39, վիճակագրություն՝ 25, մագիստրատուրայում թողարկում լինելու է միայն կառավարման տեղեկատվական համակարգեր մասնագիտությամբ՝ 14 հոգի: Մանուկ Մովսիսյանի խոսքով՝ ընթացիկ ատեստավորմանը կմասնակցեն նաև 5 երկտարեցիներ և ևս 2 հոգի՝ նախորդ տարիներից: Վերջին երկուսը պետք է հանձնեն պետական քննություն:
Դեկանի ուղեկցությամբ մենք այցելեցինք լսարարաններ և ականատես դարձանք աշխատանքային մի իրավիճակի, որում շրջանավարտները ավարտաճառ էին պաշտպանում լավ պատրաստված՝ անկաշկանդ ու վստահ: Մեր զրույցը հանձնաժողովների նախագահների հետ կրկին հավաստեց, որ մեր համալսարանի պատերի ներքո մասնագետների հիանալի սերունդ է հասակ առնում:
Մաթեմատիկական մեթոդներ և մոդելները տնտեսագիտության մեջ մասնագիտության ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովի նախագահ ՀՀ կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնի տնտեսական հետազոտությունների վարչության աշխատակից Ռոլան Մնացականյանը գոհունակությամբ նշեց, որ ավարտական աշխատանքներում իր համար հատկապես կարևորվում է այն, որ պաշտպանության են ներկայացվում կոնկրետ ուղղություններով վերլուծություններ տնտեսական աճի, դրամավարկային քաղաքականության, սպառողների վարքագծի, շուկայի մրցակցության և այլ հիմնախնդիրների վերաբերյալ, որոնց շուրջ հիմնավորումները կատարվում են մաթեմատիկական մոդելների միջոցով:
«Շուրջ վեց տարի է՝ Տնտեսագիտական համալսարանում նախագահում եմ ատեստավորման հանձնաժողովը և կարող եմ արձանագրել, որ ավարտական աշխատանքներում առաջընթաց կա և՛ ինքնուրույն աշխատանքների, և՛ տեսական դաշտի, և՛ թվային տվյալների, և՛ թեմաների արդիականացման ու հստակ ուղղությունների սահմանման առումով: Որպես ՀՀ կենտրոնական բանկի աշխատակից՝ նաև խնդիր ունեմ լավագույն կադրերին նկատելու, ընտրելու, ուղղորդելու և ասեմ՝ այդպիսիք շատ են և վստահ եմ՝ վաղն իրենց արժանավոր աշխատատեղը կզբաղեցնեն»,- ասաց Ռոլան Մնացականյանը:
Վիճակագրություն մասնագիտության ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովի նախագահը, ՀՀ ազգային վիճակագրական ծառայության աշխատակազմի գյուղատնտեսության վիճակագրության բաժնի պետ Արսեն Ավագյանը նույնպես դրական բնութագրեց ավարտական աշխատանքների պաշտպանությունը՝ նշելով, որ ելույթներում կարևորում է մտքերի կուռ շարադրանքը, համոզիչ փաստարկումները:
«Ինձ համար՝ որպես վիճակագրի, շատ էական է, որ այս ոլորտի ապագա մասնագետը կարողանա թվերը ճիշտ մեկնաբանել, ցույց տալ, որ այն կարծրացած ու անկենդան ցուցանիշ չէ, այսինքն՝ ենթակա է տնտեսագիտորեն և վիճակագրության լեզվով վերլուծվելու»,- ասաց Արսեն Ավագյանը՝ նշելով, որ հիմնականում շրջանավարտներին դա հաջողվում է:
Ինչ վերաբերում է գնահատմանը, նախագահը նշեց, որ հանձնաժողովն աշխատում է առավելագույնս անաչառորեն գնահատել. «Ես շրջանավարտի մասին կարծիք եմ կազմում սոսկ ելույթի հիման վրա, սակայն հանձնաժողովի մյուս անդամները՝ ամբիոնի վարիչը, դասախոսները, նրանց կարողություններն ու կատարած աշխատանքը լավ գիտեն, ուստի կարծիքների միագումարը ձևավորում է հնարավորինս օբյեկտիվ գնահատական»:
Հիշեցնենք՝ ավարտական աշխատանքների և մագիստրոսական թեզերի պաշտպանությունն այս տարի բակալավրիատի և մագիստրատուրայի առկա ուսուցման շրջանավարտների համար սահմանված է ապրիլի 25-ից մայիսի 28-ը, բակալավրիատի հեռակա ուսուցման շրջանավարտների համար՝ մայիսի 29-ից հունիսի 20-ն ընկած ժամանակահատվածը:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին