ՀՊՏՀ խորհուրդը հավանության արժանացրեց ՀՊՏՀ 2022 թ․ գործունեության հաշվետվությունը, հաստատեց նոր ռազմավարությունը

12.01.2023
Դիտումների քանակ՝ 1098

Այսօր կայացավ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի խորհրդի նիստը, որը գլխավորում էր Հայաստանի Հանրապետության նախագահ, ՀՊՏՀ խորհրդի նախագահ Վահագն Խաչատուրյանը։

Ողջունելով խորհրդի անդամներին՝ ՀՀ նախագահը նշեց, որ ուրախ է նրանց կրկին հանդիպելու և 2023 թվականի անելիքները քննարկելու համար։ Վահագն Խաչատուրյանն ընդգծեց՝ մեր երկրի ներկա դժվարություններն ավելի են ամրապնդում այն մոտեցումը, որ յուրաքանչյուրն իր տեղում պետք է կատարի իր աշխատանքը, լինի հավասարակշռված։ Նախագահի խոսքով՝ մեր երկրի առջև ծառացած խնդիրները չպետք է որևէ կերպ խոչընդոտեն համալսարանի բնականոն զարգացումը:

«Հասկանալով այն դժվարությունները, որոնց առջև կանգնած ենք, կուզեի, որ ամեն մեկս փորձենք մեր տեղում լինել և բարեխղճորեն կատարել մեր ստանձնած պարտականությունները․ ուսանողները՝ իրենց տեղում, դասախոսները՝ իրենց, համալսարանի վարչակազմը՝ իր տեղում: Հավատացե՛ք, իշխանությունն ու կառավարությունը ամեն ինչ անում են, որպեսզի վերջին ժամանակաշրջանում ծագած խնդիրներին լուծում տրվի: Բավականին բարդ է լուծում գտնելը, որովհետև հարևան երկիրն ուղղակի անհասկանալի, անտրամաբանական քայլեր է կատարում։ Համոզվա՛ծ եղեք, մեր պատասխանը լինելու է հավասարակշռված, բազմակողմանի ուսումնասիրված, և  ցանկացած քայլի դեպքում հաշվի են առնվելու բոլոր հետևանքները»,‒ ասաց նախագահը:

Այնուհետև օրակարգային հարցերի զեկուցմամբ հանդես եկավ ՀՊՏՀ ռեկտոր, տ․գ․դ․, պրոֆեսոր Դիանա Գալոյանը՝ ներկայացնելով ՀՊՏՀ 2022 թ․ գործունեության տարեկան հաշվետվությունը, 2022 թ․ եկամուտների և ծախսերի նախահաշվի կատարման արդյունքները, 2023 թ․ եկամուտների և ծախսերի նախահաշիվը, ինչպես նաև 2023-2027 թթ․ զարգացման ռազմավարությունը (հաշվետվությունները և ռազմավարությունը հրապարակված են ՀՊՏՀ պաշտոնական կայքի «Փաստաթղթեր» բաժնի «Հաշվետվություններ» և «Ծրագրեր» խորագրերի ներքո)։

Ռեկտորի զեկուցումներին հաջորդեցին քննարկումներ, խորհրդի անդամները նախ շնորհակալություն հայտնեցին բուհի գործունեության համապարփակ ներկայացման համար, ապա նոր ռազմավարության վերաբերյալ նշեցին՝ այն խոր ու բազմակողմանի է, ամբողջությամբ բխում է բարձրագույն կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումների տրամաբանությունից, և ներկայացված են բոլոր թիրախները: Խորհրդի անդամները պատրաստակամություն հայտնեցին օգնելու համալսարանին՝ նախանշված ծրագրերի իրականացման հարցում։

Ռեկտորի զեկուցումներից հետո խորհուրդը միաձայն քվեարկությամբ հավանության արժանացրեց ՀՊՏՀ 2022 թ․ գործունեության տարեկան հաշվետվությունը, բավարար գնահատեց 2022 թ․ եկամուտների ու ծախսերի նախահաշվի կատարման արդյունքները, հաստատեց 2023 թ. եկամուտների և ծախսերի նախահաշիվը, ինչպես նաև` համալսարանի 2023-2027 թթ. զարգացման ռազմավարությունը:

Ավարտին ՀՀ նախագահ, ՀՊՏՀ խորհրդի նախագահ Վահագն Խաչատուրյանը նախանշված ծրագրերի իրագործման ճանապարհին հաջողություն մաղթեց ռեկտորին, ռեկտորատին և աշխատակազմին՝ նշելով, որ խորհուրդը պատրաստ է աջակցել։