ՀՊՏՀ շախմատիստները՝ չեմպիոններ
ՀՀ բուհերի ուսանողների 19-րդ մարզական հանրապետական խաղերի, որի կազմակերպիչներն են ՀՀ կրթության և գիտության նախարարությունը, ՀՀ ուսանողական մարզական ֆեդերացիան և Հայաստանի երիտասարդական հիմնադրամը, շախմատի առաջնությունն ընթացավ Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը, ապրիլի 3-6-ը, թիմային և անհատական բլից մրցակարգերով:
Տղաների առաջնությունում մեր համալսարանը ներկայացնում էին Տիգրան Հարությունյանը, Տիգրան Պետրոսյանը (ֆինանսական, հեռակա մագիստրատուրա, 1-ին կուրս), էդուարդ Մկրտչյանը (ՏԿ և ՄՏՀ, 4-րդ կուրս ), Սերոբ Ղազարյանը (ՏԿ և ՄՏՀ, 2-րդ կուրս ): Այս կազմը թիմային պայքարում գրավեց առաջին հաղթական հորիզոնականը: Տղաների անհատական բլից մրցակարգում 1-ին տեղը գրավեց Տիգրան Հարությունյանը, 3-րդը՝ Էդուարդ Մկրտչյանը: Աղջիկների անհատական բլից մրցակարգում բրոնզե մեդալակիր դարձավ Շուշանիկ Ներկարարյանը (հ/հ և աուդիտ, 2-րդ կուրս): ՀՊՏՀ շախմատի թիմի մարզիչն է ֆիզդաստիարակության, արտակարգ իրավիճակների և քաղպաշտպանության ամբիոնի դասախոս Լյուդմիլա Հովհաննիսյանը:
Երեկ՝ ապրիլի 6-ին Շախմատի տանը տրվեց խաղերի պաշտոնական մեկնարկը և շախմատի առաջնության մրցանակակիրներին հանձնվեցին մեդալներ, դիպլոմներ և գավաթներ: Հանդիսավոր միջոցառմանը ներկա էին և հաղթողներին շնորհավորեցին ու պարգևատրեցին ՀՀ ուսանողական մարզական ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ, գործադիր տնօրեն Ռազմիկ Ստեփանյանը, ՀՀ ԿԳՆ մարզառազմական և արտաուսումնական դաստիարակության վարչության պետ Արկադի Պետրոսյանը, ՀՀ ուսանողական մարզական ֆեդերացիայի գլխավոր քարտուղար, ՀՊՏՀ ֆիզդաստիարակության, արտակարգ իրավիճակների և քաղպաշտպանության ամբիոնի ղեկավար Հովհաննես Գաբրիելյանը, ՀԵՀ ծրագրերի ղեկավար Արուսյակ Պողոսյանը: ՀԵՀ-ի կողմից մրցանակակիրներն ստացան նաև տարեվերջին Ծաղկաձորում եռօրյա հանգիստ-հավաքի մասնակցության հրավերներ:
Շնորհավորում ենք մեր շախմատիստներին և նոր հաղթանակներ մաղթում:
Հիշեցնենք՝ ՀՀ բուհերի ուսանողների 19-րդ մարզական հանրապետական խաղերի գարնանային փուլը մեկնարկել է մարտի 17-ին սեղանի թենիսի մրցումներով: Այս տարի մարզաձևերում ընդգրկվել են նաև ազգային խաղերը և բազկամարտը:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին