ՀՊՏՀ գիտնականները՝ միջազգային գիտական համաժողովի մասնակիցներ

Դիտումների քանակ՝ 2581

ՀՊՏՀ 3 գիտաուսումնական լաբորատորիաների գիտնականները մարտի 26-27-ը մասնակցել են Ուկրաինայում կայացած «Արդիական գիտական հետազոտությունները ժամանակակից աշխարհում» խորագրով 35-րդ միջազգային գիտական համաժողովին:
Այս մասին ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնին հայտնեցին լաբորատորիաների ղեկավարները՝ ներկայացնելով մանրամասներ: «Դրամավարկային քաղաքականություն և տնտեսական աճ» գիտաուսումնական լաբորատորիայի ղեկավար, տ.գ.դ., պրոֆեսոր Աշոտ Մաթևոսյանը, կրտսեր գիտաշխատող Տաթևիկ Ազատյանը հանդես են եկել համատեղ զեկուցմամբ, որը գրվել է լաբորատորիայի կողմից իրականացվող «Պարբերաշրջանային մակրոտնտեսական քաղաքականություն, ֆինանսական կարգավորում և տնտեսական աճ» հետազոտության միջանկյալ արդյունքների շրջանակներում: «Սույն հոդվածի շրջանակներում գնահատվել է Գեղարքունիքի մարզի արդյունաբերության թողարկված արտադրանքի ծավալի ներուժային մակարդակը, բացահայտվել են ազդող հիմնական գործոնները և կատարվել են համապատասխան առաջարկություններ: Համապատասխան հետազոտության միջանկյալ արդյունքները ներկայացվել են նաև ՀՊՏՀ գիտական նստաշրջանի կլոր սեղանին: Հետազոտական արդյունքների, մոդելավորման և կատարված ուսումնասիրությունների առումով իրենց մասնակցություն են ունեցել ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Տիգրան Թերզյանը, ՀՊՏՀ ՀՀ և աուդիտ ֆակուլտետի, «Տնտեսագիտական վերլուծություն» մասնագիտության բակալավրիատի 4-րդ կուրսի ուսանողուհիներ Լիանա Մնոյանը և Մերի Մելքոնյանը (որպես հետազոտական խումբ): Օրերս նրանք ստացել են մասնակցության հավաստագրերը»,- ասաց Աշոտ Մաթևոսյանը: Նրանց հոդվածին կարող եք ծանոթանալ ստորև կցվող ժողովածուի 36-40 էջերում:
«Ֆինանսական ներգրավվածություն» գիտաուսումնական լաբորատորիայի ղեկավար, տ.գ.դ., դոցենտ Սերգեյ Սուքիասյանը ներկայացրած հոդվածում անդրադարձ է կատարվել «ֆինանսական կայունության» և զուգահեռ կիրառվող հասկացությունների ընդգրկումներին: «Ֆինանսական համակարգի կայունության» շղթան սկսվում է առանձին վերցրած առևտրային բանկի «ֆինանսական վիճակի» գնահատականից և վերաբերում է միջնորդ հաստատությունների ֆինանսական վիճակին: «Ֆինանսական ներգրավվածությունը» վերաբերում է ֆինանսական հիմնական ծառայությունները ստացողների շրջանակների ընդարձակմանը: Իսկ «ֆինանսական զարգացումը» վերաբերում է ֆինանսական հատվածի մասնակիցներին, որոնց գործունեության ընդարձակումը կախված է ծառայություններ ստացողների շրջանակի ընդլայնումից, և ինչն անհնար է առանց կայուն գործունեության»,- ներկայացրեց Սերգեյ Սուքիասյանը, ում հոդվածին կարող եք ծանոթանալ ստորև ակտիվ հղումում՝ հանդեսի 41-46 էջերում: «Ինովացիոն և ինստիտուցիոնալ հետազոտություններ» գիտաուսումնական լաբորատորիայի ղեկավար, տ.գ.թ.,դոցենտ Ատոմ Մարգարյանը, նույն լաբորատորիայի ավագ գիտաշխատող Հարություն Թերզյանը հանդես են եկել զեկուցումներով, որոնք ևս լույս են տեսել նշված համաժողովի նյութերի ժողովածուն:
Ատոմ Մարգարյանը և Հարություն Թերզյանը համահեղինակությամբ ներկայացրել են «Հայաստանի Հանրապետության տնտեսության ինովացիոն գործունեության սուբյեկտների միկրոմիջավայր» և «ՀՀ ինովացիոն ոլորտի զարգացման միտումները» հոդվածները: Մեզ հետ զրույցում ԳՈւԼ ղեկավարը նշեց, որ հետազոտությունների համար հիմք են հանդիսացել Ազգային վիճակագրական ծառայության կողմից անցկացված լայնածավալ փորձնական հարցման արդյուքները, որոնք առաջին անգամ կատարվել են Եվրոպական վիճակագրական չափանիշներով՝ ԵՄ Թվինինգ ծրագրի շրջանակներում: Ատոմ Մարգարյանը հավելեց, որ ինչպես նշված, այնպես էլ ՀՀ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Մտավոր սեփականության իրավունքների գործակալության տվյալների բազաների հիման վրա կատարվող հետազոտությունները կամբողջացվեն առաջիկա հրապարակումներում և կներկայացվեն մայիս ամսին նախատեսված ՀՊՏՀ համալսարանական սեմինարներում և միջազգային գիտաժողովներում:
Համաժողովի ժողովածուն հասանելի է այստեղ:
Բոլոր մասնակիցները ստացել են վկայականներ:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին