ՀՊՏՀ խորհուրդը որոշեց համալսարանը վերակազմավորել հիմնադրամի և դիմել լիազոր մարմնին

Դիտումների քանակ՝ 2921

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում այսօր կայացավ խորհրդի հերթական նիստը՝ խորհրդի նախագահ, «Համայնքների ֆինանսիստների միավորում» ՀԿ նախագահ Վահան Մովսիսյանի նախագահությամբ, որին մասնակցում էին խորհրդի 22 անդամներ:

Ողջունելով խորհրդի հարգարժան անդամներին՝ խորհրդի նախագահ Վահան Մովսիսյանը ներկայացրեց օրակարգը, որում ընդգրկված էր մեկ հարց՝ «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունը «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» հիմնադրամի վերակազմավորելու մասին: Մինչ օրակարգի հաստատումը խորհրդի անդամ Վահագն Խաչատրյանը բարձրաձայնեց ուսանողական խորհրդի կարգավիճակի հարցը՝ նշելով, որ երբ հաստատված չէ ՈՒԽ կանոնադրությունը արդյո՞ք ուսանողների մասնակցությամբ խորհրդի նիստի անցկացումը տեղին է: Խորհրդի անդամները, այդ թվում՝ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ներկայացուցիչներ, պարզաբանեցին, որ իրավական որևէ խնդիր չկա, քանի որ խորհրդի կազմում ընդգրկված են բուհի ուսանողներ, որոնց թեկնածությունը հաստատել է կառավարությունը, և հարցը որևէ կերպ չի առնչվում ուսանողական ինքնակառավարման մարմինների կանոնադրությունների հաստատմանը:

Այնուհետև քննարկվեց օրակարգում ընդգրկված հարցը, որի համատեքստում` հիմնադրամի կանոնադրությունը: Խորհրդի գրեթե բոլոր անդամները հանդես եկան մի քանի տասնյակ առաջարկություններով ու հարցադրումներով, որոնց առնչությամբ պարզաբանումներ և բուհի մոտեցումները ներկայացրեցին խորհրդի նախագահ Վահան Մովսիսյանը և ռեկտորի պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանը:

21 կողմ, 1 ձեռնպահ քվեարկությամբ խորհուրդը որոշեց «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերակազմավորել «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» հիմնադրամի, ինչպես նաև մեկամսյա ժամկետում դիմել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն՝ «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունը «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» հիմնադրամի վերակազմավորելու մասին խորհրդի համապատասխան որոշումը Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնելու համար:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին