ՀՊՏՀ պատվիրակությունը վերադարձել է Սանկտ Պետերբուրգից

23.05.2022
Դիտումների քանակ՝ 1379

ՀՊՏՀ գիտության գծով պրոռեկտոր Թաթուլ Մկրտչյանը և «Ամբերդ» հետազոտական կենտրոնի տնօրեն Դավիթ Հախվերդյանը մայիսի 19-21-ը աշխատանքային այցով եղել են Ռուսաստանի Դաշնության Սանկտ Պետերբուրգ քաղաքում։ ՀՊՏՀ պատվիրակները Եվրասիական տնտեսական ընկերակցության ԵՎՐԱԶԵՍ միջխորհրդարանական վեհաժողովին կից համալսարանում (Университет при Межпарламентской Ассамблее ЕВРАЗЭС) ստորագրել են համագործակցության հուշագիր, քննարկել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, ամրագրել նոր անելիքներ ու ծրագրեր։

Ռուսական կողմը բարձր է գնահատել «Գիտատեխնոլոգիական կոնսորցիումների ձևավորման հնարավորությունները» նախագծի լրամշակման աշխատանքները, որոնք վստահված են եղել Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանին։ Ընդգծվել է, որ ՀՊՏՀ-ն մեծ ներկայացվածություն ունի ԵՎՐԱԶԵՍ-ի մրցույթներում և բազմիցս հաղթող է ճանաչվել։

«Համագործակցության հնարավոր ուղղություններն ու հեռանկարները բավականին շատ են, հատկապես՝ հետազոտական ոլորտում»,- մեզ հետ զրույցում նշեց Թաթուլ Մկրտչյանը։ Նրա բնորոշմամբ՝ աշխատանքային օրակարգը հագեցած էր. «Երկօրյա այցի ընթացքում երկկողմ հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ հարցեր ենք քննարկել։ Փակագծերը բացելով՝ ուզում եմ տեղեկացնել, որ քննարկվում են մեր համալսարանում ԵՎՐԱԶԵՍ միջխորհրդարանական վեհաժողովին կից համալսարանի տեխնոլոգիական լաբորատորիաների մասնաճյուղեր հիմնելու հնարավորությունները»։

Հավելենք, որ Ռուսաստանի Դաշնություն կատարած աշխատանքային այցի շրջանակում անդրադարձ է եղել նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին կայանալիք Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) ամենամյա տնտեսական համաժողովին ՀՊՏՀ մասնակցության հարցին։