ՀՊՏՀ-ի մշակած մոդելային օրենքի հայտը հաղթող է ճանաչվել ԱՊՀ երկրների միջխորհրդարանական վեհաժողովի հանձնաժողովում

13.09.2021
Դիտումների քանակ՝ 1501

Սեպտեմբերի 10-ին ԱՊՀ երկրների միջխորհրդարանական վեհաժողովի գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովում, որն ԱՊՀ երկրների համար մշակում և ընդունում է տարբեր մոդելային օրենքներ, հավանության է արժանացել ՀՊՏՀ-ի ներկայացրած՝ «Լեռնահանքային արդյունաբերության գործունեության ազդեցության գնահատումը ազդակիր (շրջակա) համայնքների բնակչության առողջության վրա» մոդելային օրենքի հայտը։

Առողջապահական, բնապահպանական և տնտեսագիտական բաղադրիչներից կազմված մոդելային օրենքի հայտը հանձնաժողովին է ներկայացվել մինչև սեպտեմբերի 3-ը, մինչ այդ աշխատանքային խումբը՝ ՀՊՏՀ միկրոէկոնոմիկայի ամբիոնի ղեկավար, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Միքայել Մելքումյանի ղեկավարությամբ, մշակել է ապագա մոդելային օրենքի համապատասխան հայեցակարգը՝ աշխատանքներում ներգրավելով նաև լեռնահանքային արդյունաբերության ոլորտի օտարերկրյա բարձրակարգ մասնագետի։

Ի դեպ, մրցույթում մեր բուհն առաջ է անցել մոդելային օրենքի հայտ ներկայացրած և ոլորտում մեծ վարկանիշ ունեցող մյուս թիմից՝ Ռուսաստանի Դաշնության նախագահին կից ժողովրդական տնտեսության և պետական ծառայության ակադեմիայից։ Հայկական թիմի հայեցակարգը մրցութային հանձնաժողովի համար ավելի ընդունելի է եղել։

«Վերջին 30 տարվա ընթացքում Հայաստանում երբևէ մոդելային օրենք չի մշակվել ԱՊՀ երկրների համար։ Տնտեսագիտական բուհն առաջինն էր, որ նախաձեռնեց նման բան և հաղթանակած դուրս եկավ։ Մեր բուհի համար սա կարևորագույն ձեռքբերում եմ համարում։ Արդյունքը կլինի այն, որ լեռնահանքային արդյունաբերության ոլորտում լավ մշակված օրենք կունենանք, որը կընդունվի նաև ԱՊՀ երկրների կողմից։ Սա հրաշալի նախադեպ կլինի նաև մեր բուհի համար, քանի որ իր փորձառությունը ՀՊՏՀ-ն կներկայացնի արդեն տարբեր միջազգային հարթակներում»,- asue.am-ի հետ զրույցում նշեց Միքայել Մելքումյանը։

Հավելենք, որ մոդուլային օրենքի նախագիծը ԱՊՀ երկրների միջխորհրդարանական վեհաժողովի օրակարգ կներառվի մինչև 2022 թվականի վերջը։ Մինչ այդ, ոլորտի լավագույն մասնագետներից բաղկացած աշխատանքային խումբը կուսումնասիրի ԱՊՀ երկրների և միջազգային փորձը, կմասնակցի տեսակոնֆերանսների, իրավական կարգավորումներ կտա օրենքի նախագծին։

ՀՊՏՀ մարքեթինքի և հասարակայնության հետ կապերի բաժին