ՀՊՏՀ աշխատակիցները դասախոսել և վերապատրաստվել են Պուլայի համալսարանում

04.06.2021
Դիտումների քանակ՝ 1385

ԵՄ «Էրազմուս+»-ի ծրագրի շրջանակում սույն թվականի մայիսի 24-28-ը Պուլայի Յ․ Դոբրիլայի համալսարան (Խորվաթիա) են այցելել ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի ավագ հետազոտող, կառավարման ամբիոնի ասիստենտ, տ․գ․թ․ Գայանե Թովմասյանը և տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետի դեկանի տեղակալ, տնտեսագիտության տեսության ամբիոնի դոցենտ, տ․գ․թ․ Արսեն Պետրոսյանը։

Ինչպես asue.am-ին հայտնում է Գայանե Թովմասյանը, ՀՊՏՀ ներկայացուցիչները փորձի փոխանակման նպատակով ծանոթացել են Պուլայի Յ․ Դոբրիլայի համալսարանի տարբեր ստորաբաժանումներին, նախնական պայմանավորվածություններ են ձեռք բերվել նաև համատեղ հետազոտական նախագծեր իրականացնելու շուրջ։

Պուլայի համալսարանի գործընկերները շատ հետաքրքրված են եղել Հայաստանով և մեծ ցանկություն են հայտնել առաջիկայում այցելել Հայաստան։

Գայանե Թովմասյանը տնտեսագիտության և տուրիզմի ֆակուլտետի ուսանողների համար նաև դասախոսել է հետևյալ թեմաներով՝ «Զբոսաշրջության զարգացման միտումներն աշխարհում», «Ապագայի զբոսաշրջիկների բնութագրերը (հաշվի առնելով նաև կորոնավիրուսի ազդեցությունը)», «Զբոսաշրջության դրական և բացասական կողմերը», «Կայուն զբոսաշրջության կազմակերպման անհրաժեշտությունը», «Կանաչ սերտիֆիկատները և էկոպիտակները զբոսաշրջային բիզնեսում», «Խելացի տեխնոլոգիաներ և կայուն զբոսաշրջություն»։ Բացի դրանից, համալսարանի ուսանողներին է ներկայացվել նաև Հայաստանի և մեր համալսարանի մասին հակիրճ տեղեկություն՝ հատկապես ընդգծելով երկրի զբոսաշրջային գրավչություն ունեցող վայրերը։

Թեև Արսեն Պետրոսյանը հրավիրված է եղել վարչական անձնակազմի վերապատրաստման ծրագրով, սակայն նրան առաջարկվել է մի քանի դասախոսություն կարդալ տնտեսագիտական ֆակուլտետի ուսանողների համար։ Նա դասախոսել է հետևյալ թեմաներով՝ «Դրամավարկային քաղաքականությունը և դրա փոխանցումային մեխանիզմը», «Ներդրումների դերը երկրների տնտեսության զարգացման մեջ», «Կորոնավիրուսի ազդեցությունը երկրի տնտեսության, ներդրումային միջավայրի և սպառողական վարքագծի վրա»։

Այցի ընթացքում մեր աշխատակիցները հանդիպել են նաև Լեհաստանի Ժեշուվի համալսարանի աշխատակիցներին, որոնք ևս մասնակցել են վերապատրաստման ծրագրին Պուլայում, որոնց հետ ևս պայմանավորվածություններ են ձեռք բերվել հետագա համագործակցության նպատակով։

Ըստ Գայանե Թովմասյանի և Արսեն Պետրոսյանի՝ փոխանակման ծրագիրը նոր ծանոթությունների հաստատման, մտքերի ու գաղափարների փոխանակման, փորձի ձեռք բերման հիանալի հնարավորություն էր, որը դրական ազդեցություն կունենա ՀՊՏՀ-ում հետազոտական և կրթական գործընթացի բարելավման, միջազգային համագործակցության ընդլայնման վրա։

ՀՊՏՀ մարքեթինգի և հասարակայնության հետ կապերի բաժին