ՀՊՏՀ ֆինանսատնտեսագիտական քոլեջ – «Ռոսգոսստրախ-Արմենիա». համագործակցության նոր ասպարեզ

Դիտումների քանակ՝ 4591

«Ռոսգոսստրախ-Արմենիա» ապահովագրական ընկերության հետ մեր համալսարանի երկարամյա փոխգործակցությունը նոր ուղղություն է վերցրել: Այսօր ՀՊՏՀ ֆինանսատնտեսագիտական քոլեջի և ընկերության միջև կնքված հուշագիրը վավերացրեց երկկողմ շահագրգռությունը՝ սկսելու նոր, փոխլրացնող համատեղ աշխատանք: Քոլեջի հյուրերն էին անձնակազմի կառավարման դեպարտամենտի ղեկավար Անահիտ Աստաբատցյանը, անձնակազմի հավաքագրման բաժնի գլխավոր մասնագետ Ռուզաննա Ինճիկյանը, գործակալական վաճառքների բաժնի ղեկավար Գրիգոր Երանոսյանը:
Մինչ միջոցառման մեկնարկը մենք զրուցեցինք քոլեջի տնօրեն Նազելի Նավասարդյանի հետ: Կարևորելով նախաձեռնությունը՝ նա նշեց, որ այն ուղղված է ուսանողների մասնագիտական զարգացմանը և խոստանում է լինել գործնական և արդյունավետ: «Սրանով ուսանողն առավել սերտ կապ կհաստատի գործնական դաշտի հետ, տեղյակ կլինի ոլորտի զարգացման միտումներին և նրան հասու կլինեն այն գիտելիքները, որոնք անհրաժեշտ են այս տարիքային խմբում և այս մասնագիտությամբ սովորողներին: Հուսով եմ՝ ուսումնական տարեմուտին սա լավ սկիզբ է նախանշում, առաջիկայում նոր համագործակցության պայմանագրեր կունենանք նաև բանկային գործ և հաշվապահություն ուսումնասիրողների համար: Արդեն իսկ ձեռք ենք բերել պայմանավորվածություններ»,- ասաց Նազելի Նավասարդյանը:
Միջոցառմանը ներկա էին նաև քոլեջի փոխտնօրենները, դասախոսները, ուսուցիչները, աշխատակիցները և ապահովագրական գործ մասնագիտության ուսանողները:
Ողջունելով հյուրերին և ներկայացնելով նրանց ուսանողությանը՝ Նազելի Նավասարդյանը նշեց, որ հայաստանյան ապահովագրական շուկայի առաջատար ընկերության հետ համագործակցությունը այդ ոլորտն ընտրած ուսանողների համար մասնագիտական կողմնորոշման ճշգրտման, զարգացման, փորձառության առումով հիանալի հնարավորություն է: Տնօրենը տեղեկացրեց, որ իր գործունեությունը դրան է նպատակաուղղելու նաև քոլեջի նորաստեղծ կարիերայի կենտրոնը:
Մինչ հուշագրի ստորագրումը Ռուզաննա Ինճիկյանը ներկայացրեց ընկերության 10-ամյա պատմությունը, գործունեությունն ու առաքելությունը՝ որն է ստեղծել քաղաքակիրթ ապահովագրական շուկա, այնուհետև՝ ծառայությունների ցանկն ու զարգացման հեռանկարները:
Երիտասարդական նախագծերին անդրադառնալով՝ նա ասաց, որ ընկերությունը շեշտադրում է այս ուղղությունը և այդ նպատակով մի շարք ծրագրեր է իրականացնում.
2008 թվականից՝ «Ռոսգոսստրախ-Արմենիա» անվանական կրթաթոշակ, որը շնորհվել է 33 ուսանողի (ՀՊՏՀ-ից, ԵՊՀ-ից, ՀԱԱՀ-ից, Ֆրանսիական համալսարանից), մրցույթ, որը ներառում է ռեֆերատների պաշտպանություն և ապահովագրական պրոդուկտի մշակում, վարպետաց դասեր (մասնագիտական դասընթացներ, ճանաչողական սեմինարներ, հմտությունների զարգացում), «Ապագայի գործակալ» նախագիծ (դասընթաց և պրակտիկ աշխատանք), ուսումնական պրակտիկա և ստաժավորում:
Անձնակազմի հավաքագրման բաժնի գլխավոր մասնագետը նշեց, որ ընկերությունում ստաժավորողների 60%-ը անցնում է հաստիքային աշխատանքի, այսինքն՝ լավագույն ուսանողները աննկատ չեն մնում: Իր ելույթի ավարտին նա ուսանողների ուշադրությունը հրավիրեց student@rgs.am էլեկտրոնային հասցեին՝ «Միացեք մեր թիմին» կարգախոսով:
Ուսանողների հետ անկեղծ երկխոսություն ծավալեց Գրիգոր Երանոսյանը՝ հորդորելով հավատալ սեփական ուժերին, ձևակերպել սեփական ցանկությունները, նախաձեռնողականություն հանդես բերել: Նա տեղեկացրեց, որ ընկերությունում 5 տարի առաջ ստեղծվել է գործակալական դպրոց, որը մինչ օրս կրթել է 450 ուսանողի, և քոլեջականների 1-ին սերունդը կարող է ակտիվորեն ընդգրկվել առաջարկվող նախագծերում:
Անահիտ Աստաբատցյանը հայտնեց, որ «Ռոսգոսստրախ-Արմենիա» ապահովագրական ընկերությունում աշխատել ցանկացողը պետք է լինի 5 կարևորագույն արժանիքների կրող՝ լինել թիմային, սրտացավ, զարգանալու ցանկությամբ, մարդկանց հանդեպ հարգալից վերաբերմունքով և աշխատասեր: Նա հիշեցրեց, որ ընկերության բոլոր մրցույթները ունեն գումարային մրցանակներ, և դրա նպատակն է հավաստել, որ գիտելիքը փող է:
Ուսանողները աշխույժ հետաքրքրություն ցուցաբերեցին ելույթներին, հարցեր ուղղեցին ընկերության ներկայացուցիչներին, ստացան սպառիչ պատասխաններ:
Ավարտին կողմերը վավերացրին հուշագիրը, որը, հավատացած ենք, կդառնա նոր ձեռքբերումների սկիզբ:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին