Ծրագրային կոմիտեի նիստ՝ ՀՊՏՀ 28-րդ գիտաժողովին ընդառաջ
Ինչպես մեր նախընթաց լրահոսում տեղեկացրել էինք, նոյեմբերի 26-30-ը կկայանա «Ապագայի տնտեսության տեսլական. խնդիրներ և հեռանկարներ» խորագրով ՀՊՏՀ 28-րդ գիտաժողովը` նվիրված Հայաստանի առաջին հանրապետության և Մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին: Այդ առիթով այսօր ՀՊՏՀ նիստերի սրահում տեղի ունեցավ գիտաժողովի ծրագրային կոմիտեի նիստ, որի ընթացքում լսվեցին և քննարկվեցին կազմակերպական և ընթացակարգային հարցեր: Նիստին մասնակցում էին ՀՊՏՀ ռեկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանը, գիտության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր, պրոֆեսոր Գագիկ Վարդանյանը, գիտության և ասպիրանտուրայի բաժնի պետ Խորեն Մխիթարյանը և բաժնի աշխատակիցները, ամբիոնների վարիչներ, գիտաուսումնական լաբորատորիաների ղեկավարներ, դեկաններ, դասախոսներ, ասպիրանտներ:
Բացման խոսքում ռեկտոր Կորյուն Աթոյանը, նախորդ տարիներին անցկացված գիտաժողովների փորձի հիման վրա, ներկայացրեց իր դիտողություններն ու ակնկալիքները և նշեց, որ հերթական 28-րդ գիտաժողովը ավելի բովանդակային պետք է անցկացվի, հատկապես հաշվի առնելով, որ նվիրվում է Հայաստանի առաջին հանրապետության և Մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին:
Ամենամյա գիտաժողովի արդյունքները ռեկտորը կարևորեց գիտություն–տնտեսություն կապի իրագործման իմաստով, քանի որ տնտեսագիտությունը կիրառական գիտություն է, և զարգացնելով այն՝ պետք է վերացնել դրանց միջև առկա խզումը:
Նախապատրաստական աշխատանքների մասին զեկուցեց պրոռեկտոր Գագիկ Վարդանյանը՝ նշելով, որ համալսարանի ինստիտուցիոնալ կառույցները՝ ամբիոնները, լաբորատորիաները և հետազոտական կենտրոնը պետք է գործուն մասնակցություն ունենան գիտաժողովում: Պրոռեկտորը հանգամանալից կանգ առավ արդիական թեմաների առաջադրման, ամբիոններում դրանց գրախոսման, հետազոտական ուղղությունների բյուրեղացման, միջազգայնացման ուղղությամբ քայլեր ձեռնարկելու և գիտական արդյունքները ուսումնական գործընթացին ինտեգրելու հարցերի վրա: Նա կարևորեց գիտաժողովի լիագումար նիստի, բաժանմունքների, կլոր սեղանների պատշաճ կազմակերպումը, ինչպես նաև աշխատանքային, հարգալից, գործընկերային մթնոլորտ ձևավորումը:
Խորեն Մխիթարյանը, խոսելով հոդվածների հավաքագրման աշխատանքների մասին, շեշտեց, որ հրատապ խնդիր է հոդվածների «ուժեղացումը» (արդիականություն, գիտականություն, նորույթ), որպեսզի դրանք համապատասխանեն Բարձրագույն որակավորման կոմիտեի պահանջներին: Նա մասնակիցներին կրկին հիշեցրեց հոդվածների ներկայացման վերջնաժամկետները և կարգը:
Առաջարկություններով հանդես եկան ամբիոնի վարիչներ Դիանա Գալոյանը, Աշոտ Սալնազարյանը, դեկան Մերի Բադալյանը, գիտաուսումնական լաբորատորիայի ղեկավար Ելենա Մանուկյանը:
Որոշվեց քննարկվող հարցերի վերաբերյալ հաջորդ նիստին ներկայացնել առաջարկություններ:
Գիտաժողովի մանրամասները՝ այստեղ:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին