ՀՊՏՀ ֆուտզալիստները` կրկին միանձնյա առաջատար
Մարզամշակութային և ինտելեկտուալ «Ունիվերսիադա–2019» միջբուհական մրցույթի շրջանակում ֆուտզալի առաջնության եզրափակիչը, երեկ՝ ապրիլի 3-ին, մեր համալսարանի թիմին նվիրեց սպասված հաղթանակը: Հայ-ռուսական համալսարանի հետ հանդիպումն ավարտելով 3։2 հաղթանակով՝ մեր տղաները տոնեցին հերթական հաջողությունը՝ հավաստիացնելով, որ առաջնության միանձնյա առաջատարն են:
Ֆիզդաստիարակության, ԱԻ և քաղպաշտպանության ամբիոնի վարիչի ժամանակավոր պաշտոնակատար, մանկ. գիտ. թեկնածու, դոցենտ, ֆուտզալի խմբի ղեկավար Հովհաննես Գաբրիելյանը մեզ հետ զրույցում իր գոհունակությունն արտահայտեց ունիվերսիադայի ընթացքում ՀՊՏՀ ֆուտզալիստների տակտիկական, գեղեցիկ ու գոլառատ խաղեր ցուցադրելու առիթով և ասաց. «4 խաղում՝ 2 խմբային, կիսաեզրափակիչ և եզրափակիչ, մեր տղաները մրցեցին Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի (14:0), Ֆրանսիական համալսարանի (23:2) և Հայաստանի ազգային ագրարային համալսարանի (10:2) հետ: Եզրափակիչ հաղթական խաղը Հայ-ռուսական համալսարանի թիմի հետ էր, որը, նախորդների համեմատ, անցավ լարված ու անզիջում պայքարում, տղաները դրսևորեցին բարձր խաղային ու կամային հատկանիշներ: Հաղթական ելքն ապահովեց նաև ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանի, վարչատնտեսական և կազմակերպական դեպարտամենտի տնօրեն Արամ Հովհաննիսյանի, ուսխորհրդի նախագահ Հովհաննես Հարությունյանի և բազմաթիվ երկրագուների ներկայությունը»:
Հիշեցնենք, որ Հայ-ռուսական համալսարանի և ՀՀ պաշտպանության նախարարության համագործակցությամբ, ընթացող մրցույթ-փառատոնը մեկնարկել է մարտի 19-ին, մասնակցում են Հայաստանի և Արցախի բուհերի ուսանողները և անցկացվում են սպորտային, մշակութային և ինտելեկտուալ մրցումներ:
Ունիվերսիադային մեր համալսարանի մասնակցությունը համակարգում է ուսանողական խորհուրդը, մասնագիտական աջակցությունն է ցուցաբերում ՀՊՏՀ ֆիզդաստիարակության, ԱԻ և քաղպաշտպանության ամբիոնը:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին