ՀՊՏՀ պրոֆեսոր Վարդան Սարգսյանը դասախոսել է Հասելթի համալսարանում

Դիտումների քանակ՝ 1902

ՀՊՏՀ տնտեսական ինֆորմատիկայի և տեղեկատվական համակարգերի ամբիոնի վարիչ, տ.գ.դ., պրոֆեսոր Վարդան Սարգսյանը «Էրազմուս+» փոխանակային ծրագրով մարտի 25-29-ը գտնվել է Բելգիայի Հասելթի համալսարանում: «Թվային ֆիրմայի կառավարում» խորագրով պրոֆեսորը դասընթաց է վարել միջազգային մագիստրոսական խմբերում:

«Դասընթացը բիզնեսում տեղեկատվական համակարգերի կիրառման և նոր տիպի թվային ընկերությունների կառավարչական առանձնահատկությունների վերաբերյալ էր: Ուսանողները բավականին հարցեր ուղղեցին, նրանց հետաքրքրում էր հատկապես մեր երկրում տեխնոլոգիական բիզնեսի առկա վիճակը, ի պատասխան՝ խոսել եմ հայրենական մի շարք թվային հայտնի ընկերությունների մասին (օրինակ` PicsArt, «Սորսիոն»): Հասելթի համալսարան իմ այցը համակարգում էր պրոֆեսոր Կոեն Վան Հուֆը, որի հետ քննարկել ենք «Թվային ֆիրմայի կառավարում» դասընթացի բարելավման հարցերը»,- այսօր մեզ հետ զրույցում ասաց Վարդան Սարգսյանը:

ՀՊՏՀ գիտնականի այցն ամբողջացել է Հասելթի մշակութային վայրեր այցելությամբ:

Նշենք, որ «Էրազմուս+» ծրագրով այս կիսամյակ Հասելթի համալսարանում սովորում է ՀՊՏՀ ֆինանսական ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանողուհի Մարիամ Կարապետյանը

(երկրորդ լուսանկարում՝ ձախից):

Ծրագիրը ՀՊՏՀ-ում համակարգում է արտաքին կապերի բաժինը, մանրամասները՝ ՀՊՏՀ պաշտոնական կայքի «Միջազգային ծրագրեր» խորագրում:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին