Կառավարման ֆակուլտետը դարձավ «ՀՊՏՀ խաղեր-2018» մարզամշակութային փառատոնի հաղթող (լուսանկարներ)

Դիտումների քանակ՝ 2405

Ուսանողական խորհրդի կազմակերպած «ՀՊՏՀ խաղեր-2018» աշնանային փառատոնն այսօր եզրափակվեց շքեղ գալահամերգով, որի ընթացքում տեղի ունեցան երգ ու պարի մրցույթները, այնուհետև՝ մրցանակաբաշխությունը: Հանդիսասրահում իսկական տոնախմբություն էր, որին մասնակցում էին ֆակուլտետի դեկանները, ֆիզդաստիարակության, ԱԻ և քաղպաշտպանության ամբիոնի վարիչի պաշտոնակատար Հովհաննես Գաբրիելյանը և դասախոսները: Երգի մրցույթում մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման, ինֆորմատիկայի և վիճակագրության, ֆինանսական ֆակուլտետները համապատասխանաբար զբաղեցրին 1-3-րդ մրցանակային տեղերը: Պարում հաղթեց կառավարման ֆակուլտետը, 2-րդ տեղում ֆինանսականն էր, 3-րդում՝ հաշվապահական հաշվառման և աուդիտինը:
Մինչ ժյուրին որոշում էր լավագույններին, հանդիսատեսին երաժշտական և հումորային համարներ նվիրեցին շնորհալի ուսանողները: Այնուհետև մարզական առաջնություններում մրցանակային տեղեր զբաղեցրած թիմերի պարգևատրումն էր, իսկ մրցանակները հանձնեցին դեկաններ Մերի Բադալյանը, Մանուկ Մովսիսյանը, ամբիոնի վարիչի պաշտոնակատար Հովհաննես Գաբրիելյանը, միջազգային տնտեսական հարաբերությունների ամբիոնի դոցենտ Կարմեն Գրիգորյանը, ՈւԽ նախագահ Հովհաննես Հարությունյանը, փոխնախագահ Զավեն Խուկեյանը: Նրանք իրենց հիացմունքը հայտնեցին տաղանդավոր ուսանողների ելույթների, ստեղծարարության, աշխատասիրության, կազմակերպչական աշխատանքի կապակցությամբ:
Այնուհետև բեմ հրավիրվեցին ՀՊՏՀ հումորասերները, որոնք արժանացել էին մրցանակների. «Լավագույն հումոր» անվանակարգում հաղթեց տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետը, «Լավագույն երաժշտական համար» մրցանակին արժանացավ մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետը, իսկ ՈւՀԱ հաղթողը կամ «Լավագույն ծրագիր» անվանակարգի հասցեատերը կառավարման ֆակուլտետն է: Այսպիսով, մարզական ու մշակութային մրցույթների ընդհանուր միավորով փառատոնի հաղթողը կառավարման ֆակուլտետն է: Այս տարի ՈւԽ-ն հատուկ մրցանակ շնորհեց նաև «Սփյուռքահայ ամենաակտիվ ուսանող» անվանակարգում և այն ստացավ ջավախահայ ուսանող Էմանուել Հակոբյանը:
Շնորհավորում ենք փառատոնի բոլոր մասնակիցներին, ովքեր 1 ամիս շարունակ իրենց ավանդն ունեցան ՀՊՏՀ-ում մարզական ու մշակութային միջոցառումների պատշաճ կազմակերպման և իրականացման գործում:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին