ՀՊՏՀ-ում տեղի ունեցավ «ՀՊՏՀ խաղեր» փառատոնի բացման արարողությունը

Դիտումների քանակ՝ 1643

Օրեր առաջ ՀՊՏՀ-ում մեկնարկած ուսանողական մարզամշակութային փառատոնը այսօր հանդիսավորությամբ բացվեց: Միջոցառման կազմակերպիչ ուսանողական խորհրդի հրավերով բացման հանդիսավոր արարողությանը մասնակցում էին ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար Դիանա Գալոյանը, ֆիզդաստիարակության, ԱԻ և քաղպաշտպանության ամբիոնի վարիչի ժ/պ Հովհաննես Գաբրիելյանը, դեկաններ, պրոֆեսորադասախոսական կազմի անդամներ: Արարողակարգի համաձայն՝ դահլիճ մտան համալսարանի բոլոր ֆակուլտետների մարզիկները, ՀՀ օրհներգի ներքո բարձրացվեց հայոց եռագույնը:

Բացման խոսք ասաց ռեկտորի պաշտոնակատար Դիանա Գալոյանը, շնորհավորեց ուսանողական խորհրդի 25-ամյակը և ընդգծեց, որ բուհի ուսանողական կառույցը միշտ ակտիվ է եղել, տարատեսակ միջոցառումների շուրջ է համախմբել համալսարանականներին, ապա շնորհակալություն հայտնեց ՈւԽ նախագահ Գոռ Մելիք-Սահակյանին: Դիանա Գալոյանը կոչ արեց շարունակել ակտիվ գործունեությունը և նշեց, որ համալսարանի կյանքին ուսանողների մասնակցությունը շատ կարևոր է:

Ողջույնի խոսք ասաց ՈւԽ փոխնախագահ Արշակ Հարությունյանը՝ հավաստիացնելով, որ փառատոնը հագեցած է լինելու:

Հիշեցնենք՝ անցած շաբաթ սկիզբ առած փառատոնը կշարունակվի մինչև դեկտեմբերի վերջ, մարզական առաջնությունների և մշակութային մրցույթների արդյունքով կորոշվի լավագույն ֆակուլտետը:

Այսօր բացումից հետո տեղի ունեցավ ֆուտբոլի առաջնություն, իսկ նախորդ շաբաթ կայացան շախմատի, վոլեյբոլի առաջնություններ (տե´ս լուսանկարներում):

Հիշեցնենք՝ մարզական առաջնությունների անցկացմանն իր գործուն աջակցությունն է ունենում ֆիզդաստիարակության, ԱԻ և քաղպաշտպանության ամբիոնը:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին